ԱԺ-ն նստաշրջանի օրակարգում չընդգրկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որ բացասական եզրակացություն էր ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ 20-27-րդ հոդվածները կանոնակարգում են քննիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության վերաբերյալ կարգավորումները: Պատասխանատվության մեխանիզմ է առաջարկվում, որ կառավարության այն անդամը, որը կհրավիրվի քննիչ հանձնաժողովի նիստի և անհարգելի չի մասնակցի, հիմք կլինի, որ քննիչ հանձնաժողովը դիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացնեն ԱԺ նախագահին՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց այս թեմային անդրադառնալ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կազմավորվելիք նոր խորհրդարանում: