Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը 2.5 տարի անց մտնում է դատաքննության փուլ: Հայտարարությունները շատ էին, նիստն ընդհատվեց՝ բոյկոտով: «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը՝ դժգոհության նշան էր:
Դժգոհ էր նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Դատավոր Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ փետրվարի 23-ի նիստին չներկայանալու համար:
Էրիկ Ալեքսանյան (Արմեն Գևորգյանի պաշտպան) - Դուք օրինական դատարան չեք իմ ու Արմեն Գևորգյանի համար և շարունակելու եք այդպիսին լինել:
Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև Սահմանադրական դատարանը կհրապարակի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դատավորն այս միջնորդությունը չընդունեց, պաշտպանները կրկին ընդդիմացան: Նիստը շարունակվեց մեկ այլ ինքնաբացարկով: Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին՝ Ծաղկաձորում իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հանդիպելու համար: Դատավորը այս միջնորդությունը համարեց անհիմն և հրաժարվեց քննել: Մեղադրող դատախազները պաշտպանների վարքը համարեցին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք և դատաքննությունը ձգձգելու փորձ:
Ըստ պաշտպանների՝ դատախազները փորձում են զրկել իրենց միջնորդություններ ներկայացնելու իրավունքից: Արդյոք այսպես պաշտպանական կողմը խուսափո՞ւմ է բուն դատավարությունից:
Հայկ Ալումյան (Ռոբերտ Քոչարյանի պաշտպան) - Մենք անպայման ուզում ենք, որ դատաքննությունը սկսվի, բայց մենք ուզում ենք, որ մեր բոլոր միջնորդությունները քննարկվեն, իսկ միակ ժամանակահատվածը սա է, իսկ իրենք չեն ուզում, որ մենք այդ միջնորդությունները ներկայացնենք:
Պաշտպանների բոյկոտի համար հնարավոր դատական սանկցիա կիրառելու քննարկումը՝ դատախազների մեղադրական եզրակացության հետ միասին, մարտի 30-ին է. առանց փաստաբանների նիստն անհնար էր շարունակել: