«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրվա առթիվ։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հերթական անգամ աշխարհի ողջ հիդրոօդերևութաբանական հանրությունը նշում է իր մասնագիտական տոները՝ մարտի 22-ը՝ որպես Ջրի համաշխարհային օր, և մարտի 23-ը՝ որպես Օդերևութաբանության համաշխարհային օր։ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշմամբ մարտի 23-ը Հայաստանի Հանրապետությում նշվում է որպես Օդերևութաբանի մասնագիտական օր:
Ինչպես գիտենք, յուրաքանչյուր տարի «ՄԱԿ-ՋՈՒՐ»-ը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը որոշում են տվյալ տարվա թեմաները՝ ուշադրության կենտրոնում պահելով այն խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն։ 2021 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Արժևորել ջուրը», իսկ Օդերևութաբանության համաշխարհային օրվա այս տարվա թեման է` «Օվկիանոսը, մեր կլիման և եղանակը», որն առավել քան արդիական է՝ կլիմայի և եղանակի առումով չափազանց բարդ և հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով հագեցած այս ժամանակահատվածի համար:
Ծածկելով Երկրագնդի 70%-ը՝ օվկիանոսը եղանակի և կլիմայի հիմնական շարժիչ ուժն է։ Ճիշտ է, Հայաստանը չունի ելք դեպի օվկիանոս, որը տնտեսական առավելություններ է տալիս մյուս երկրներին, սակայն օվկիանոսի հետ կապված խնդիրները վերաբերում են բոլոր երկրներին, քանզի այն կենտրոնական դերակատարում ունի կլիմայի փոփոխության հարցում։
Հայաստանի Հանրապետությունում միակ կազմակերպությունը, որը պատասխանատվություն է կրում եղանակի, կլիմայի, շրջակա միջավայրի աղտոտվածության, մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների քանակական և որակական դիտարկումների, դրանց վերաբերյալ տվյալների հավաքագրման, մշակման, պահպանման, տարածման և կանխատեսումների ու նախազգուշացումների կազմման համար, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն է, որի աշխատանքներն ուղղված են դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության և տարածքային կառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
Հանձին մեր ՊՈԱԿ-ի՝ Հայաստանում առկա է գիտաօպերատիվ մի մարմին, որն իրականացնում է շրջակա միջավայրի պետական մոնիթորինգ, կանխատեսում և հանրությանն ու տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին ապահովում հավաստի տեղեկատվությամբ: Այս բոլորն անհնարին է առանց հմուտ, գործին տիրապետող, բանիմաց մասնագետների, որոնք պետք է ունենան պատասխանատվության բարձր զգացում և նպատակասլացություն:
Այսօր այդպիսի մասնագետներով է համալրված մեր կազմակերպությունը, նրանք արժանի են գովեստի խոսքերի, հետևապես շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոների կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Հայաստանի հիդրոօդերևութաբանության ոլորտի զարգացման գործում»: