«Իմ քայլը» հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական համակարգին անցնելու փոփոխություններն ընդունելուն և համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններին գնալուն. հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ այս պահին ընթանում են քննարկումներ:
«Քննարկումների ավարտից հետո մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք: Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եղել է ներառական, և այնտեղ տարբեր ուժեր մասնակից են եղել: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը բավական մեծ փոփոխություններ է ներառում իր մեջ, և այդ հատվածով նույնպես պետք է որոշում կայացնել, որովհետև իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների հետ կապված»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
«Չգիտեմ՝ պարոն Մարուքյանը պայմանավորվածությունների հետ կապված կոնկրետ ինչի մասին է խոսում: Երբ հասկանանք՝ ինչ է ամբողջությամբ իր մեջ ներառել պայմանավորվածությունը, այդ ժամանակ ես ինքս կմեկնաբանեմ»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունների մասին նշեց Մակունցը: