101 տարի առաջ այս օրերին Ադրբեջանի իշխանությունները թուրքական կանոնավոր բանակի և զինված հրոսակախմբերի հետ համագործակցությամբ կազմակերպեցին Շուշիի հայ բնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Դա Արցախի հանդեպ զավթողական և ցեղասպան քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարները ստիպված լքեցին քաղաքը, ավերվեց մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը, Շուշին հայաթափվեց:
Ցավոք, 101 տարի անց էլ հակառակորդի ձեռագիրը մնում է նույնը: Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը՝ Թուրքիայի մասնակցությամբ, կրկին ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ: Միայն մեր հերոսների անձնազոհության պատճառով Արցախը հնարավոր եղավ փրկել ցեղասպանությունից:
Հադրութը և Շուշին գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո: Տեղի հայկական բնակչությունը տեղահանվել է, իսկ հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի ակտերը ևս մեկ անգամ փաստում են, որ ադրբեջանա-թուրքական համատեղ գործողությունները միտված են կեղծելու տարածաշրջանի պատմությունը և վերացնելու հայկական հետքը:
Հայկական բնակավայրերի ոչնչացման քաղաքականությունը և հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի ձգձգումը միտված չեն խաղաղ կայունության կառուցմանը: Ինչքան էլ հայկական կողմը ձգտում է խաղաղության, խաղաղությունը միակողմանի չի լինում»,- ասաց Հայրապետյանը: