Ամերիկյան Eurasia Group խոշոր խորհրդատվական ընկերության ղեկավար, ծագումով հայ անվանի քաղաքագետ Իեն Բրեմերը Թվիթերի միկրոբլոգում գրել էր, որ գալիք ապրիլի 24-ին Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ Վերլուծաբանի խոսքով՝ Սպիտակ տան խորհրդականներից մեկին ինքը հարցրել է, թե արդյոք գալիք ապրիլի 24-ին ճանաչումը սպասելի՞ է։ «Նա խոստացել է որպես նախագահի թեկնածու, և դա այն քաղաքականությունն է, որով առաջ է շարժվում»,- ի պատասխան ասել է Սպիտակ տան աշխատակիցը։
Բրեմերը մատնանշել է Թուրքիայի հետ հարաբերություններում առկա մի շարք երկկողմ խնդիրներ, որոնք նպաստում են ճանաչմանը։ Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ 38 սենատորների նամակը Սպիտակ տանն էլ ավելի է մոտեցրել ճանաչմանը։ «Այս վարչակազմը հանձնառու է սատարել մարդու իրավունքներին և երաշխավորելու, որ նման ոճիրները չկրկնվեն, ինչի կարևորագույն մասը կլինի պատմական իրադարձությունների դատապարտումը»,- նշել է Բրեմերը։