«Իմ քայլը» խմբակցությունը հակված է արտահերթի գնալ փոփոխված ընտրական օրենսգրքով: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ պատրաստ են անցնելու փակ համամասնական ընտրակարգի, այժմ էլ այդ հարցով քաղաքական ուժերի հետ քննարկումների փուլում են: Մակունցը չի հստակեցնում՝ միայն ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցն է քննարկվո՞ւմ, թե՞ ամբողջ օրենսգիրքը փոխելու:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություն անցկացնելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո ընտրական օրենսգրքի փոփոխության հարցն ամենաքննարկվողն է: Խորհրդարանական ընդդիմությունից «Լուսավոր Հայաստանը» դեմ է այս փուլում օրենսգիրքը փոխելուն:
Խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը հիշեցնում է՝ իշխանության հետ արտահերթի գնալու համաձայնություն է ձեռք բերվել ու թեև վարչապետի հետ ընտրական օրենսգիրքը փոխելու հարցը չի քննարկվել, սակայն այս փուլում խաղի կանոնները փոխելը, ըստ Գորգիսյանի, նշանակում է խախտել պայմանավորվածությունը։
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար
Գորգիսյանը շեշտում է՝ օրենսգիրքը փոխելու հարցով իշխանության հետ որևէ քննարկում այս փուլում էլ չկա, միայն հրապարակային բանավեճեր են: Նրա գնահատմամբ՝ սեղմ ժամկետում փաստաթղթի փոփոխությունը կասկածի տակ կդնի նաև ընտրությունների լեգիտիմությունը:
«Բարգավաճ Հայաստանի» համար էական չէ՝ ընտրությունները կանցկացվեն գործո՞ղ, թե՞ նոր օրենսգրքով: Ւվետա Տոնոյանն ասում է՝ այդ հարցով իշխանության հետ որևէ քննարկման չեն պատրաստվում մասնակցել:
Այդուհանդերձ, եթե իշխող ուժն ընտրական օրենսգիրքը փոխելու գործընթաց սկսի, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը բացասական կլինի: Ինչ վերաբերում է արտահերթի անցկացման արդեն հայտարարված օրվան, ապա Լիլիթ Մակունցի խոսքով՝ այն չի փոխվի:
Թեև օրենսգրքի փոփոխման շուրջ դեռ հստակություն չկա, բայց իշխող ուժից արդեն հայտարարում են՝ նախընտրական ցուցակը կգլխավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բարգավաճ Հայաստանի» ցուցակն էլ, ամենայն հավանականությամբ, կգլխավորի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։