Վանաձորի դպրոցներից մեկն անցել է հեռավար ուսուցման, պատճառը՝ կորոնավիրուսի աճող թվերն են: 11 աշակերտի թեստը դրական է եղել, կան նույն ախտանշաններով այլ երեխաներ ևս, որոնք դեռ չեն թեստավորվել: Տնօրենի վիճակը բժիշկները ծանր են գնահատում:
Աիդա Խաչիկյան, Վանաձորի 30-րդ դպրոցի տնտեսական մասի պատասխանատու - Ունենք համապատասխան կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Առավոտյան մշտապես կատարվում է ջերմաչափում, բայց ստիպված եղանք անցնել հեռավար կրթության՝ վարակը չշատանալու, դեպքեր չունենալու համար:
742 աշակերտ ունեցող Վանաձորի 30-րդ հիմնական դպրոցը մարտի 16-ից ուսուցման հեռավար տարբերակի է անցել: Դպրոցում վստահեցնում են՝ վարակի փոխանցումը կանխելու և դեպքերը նվազեցնելու միջոցառումներ ձեռնարկել են, սակայն մարտի 3-ից սկսած օրական 50-60 բացակայությունները և կորոնավիրուսի ավելացող դեպքերն ստիպել են հեռավար ուսուցման անցնել:
Արմինե Պապիկյան, Վանաձորի 30-րդ հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ - Դիմել ենք մարզպետին, որպեսզի միջնորդի առողջապահության նախարարությանը և ԿԳՄՍ նախարարին՝ հեռավար ուսուցում կազմակերպելու նպատակով, քանի որ ունենինք 10 կոնտակտավոր աշակերտ:
Այս պահին թեստով հաստատված 11 հիվանդ ունեն, մյուսները չեն թեստավորվել, սակայն Քովիդին բնորոշ ախտանշաններ ունեն: Աշակերտների առողջական վիճակը լավ է, հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող երեխա չունեն, իսկ դպրոցի տնօրենը ծանր վիճակում է: 30-րդ դպրոցը կշարունակի հեռավար դասապրոցեսը նախնական տվյալով՝ մինչև ապրիլի 1-ը, իսկ մարզի մյուս դպրոցներում ուսուցման գործընթացը բնականոն ընթացքի մեջ է:
Արփինե Մատինյան, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ - Բացի Քովիդի դեպքերից, շատ են նաև սուր վարակիչ հիվանդությունները, ամենօրյա ուշադրության կենտրոնում են բացակայությունները, և եթե հանկարծ բացակաների թիվն ավելանա Քովիդով պայմանավորված, անպայման կդիտարկվի նաև այդ դպրոցների հեռավար աշխատանքի կազմակերպման հնարավորությունը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղից հայտնում են՝ մարտի 1-ից մինչև մարտի 20-ը Լոռու մարզի դպրոցների ուսուցիչների և աշակերտների շրջանում հաստատվել է վարակի 50 դեպք: Այսօրվա դրությամբ՝ Լոռիում հաստատված Քովիդի ընդհանուր դեպքերը 9460 են, գրանցվել է մահվան 168 դեպք: