ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ:
«Այժմ ռեկտորն ընտրվում է խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամկետով: Հաջորդ կարևոր փոփոխությունը, որ տեղի ունեցավ առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների ժամանակ, այն է, որ օրենքի նախագծով ռեկտորից պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, իսկ մնացած լրացուցիչ պահանջները պետք է բուհը սահմաներ իր կանոնադրության մեջ: Այժմ կատարվել է փոփոխություն, գիտական աստիճանից բացի 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության պահանջ է դրվել»,- նշեց նախարարը:
Առաջարկվում է նաև ամբիոնի վարիչի պաշտոնը համարել ոչ թե վարչական, այլ ակադեմիական պաշտոն՝ նշեց Դումանյանը:
«Այն բուհերը, որոնք այսօր չունեն ինստիտուցիոնալ հավատարմագրում, իսկ այդպիսիք կան, դրանք մասնավորներն են, նրանց տրված է ժամկետ, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը պարտավոր են անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրում: Չանցնելու պարագայում չեն կարող կազմակերպել բուհի ընդունելության գործընթաց»,- նշեց նախարարը: