Ֆրանսիայի Մարսել քաղաքում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել բազմամարդ կառնավալը ցրելու համար: Իշխանությունների կողմից արգելված միջոցառմանը մասնակցել է մոտ 6,5 հազար մարդ, հիմնականում երիտասարդներ, որոնց մեծ մասը դժգոհ է հավաքների սահմանափակումներից և բարերի ու գիշերային ակումբների փակումից՝ հայտնում է france24-ը:
Ոստիկանությունը նշել է, որ երթի մասնակիցները առանց դիմակների են եղել և չեն պահել սոցիալական հեռավորությունը: Իրավապահների խոսքով՝ սա «կատարյալ անպատասխանատվություն է առողջապահության ճգնաժամի պայմաններում»:
Երկու մարդ բերման է ենթարկվել, նրանցից մեկը ինքնաշեն իրեր է նետել ոստիկանության ուղղությամբ: Իշխանությունները տուգանել են նաև առանց պաշտպանիչ դիմակների քաղաքացիներին:
Մարսելում, ի տարբերություն Ֆրանսիայի 16 մյուս դեպարտամենտների, կարանտինային նոր սահմանափակումներ չեն հաստատվել: Այնուամենայնիվ, քաղաքի բնակիչները պետք է հետևեն COVID-19-ի դեմ պայքարի ավելի քիչ խիստ միջոցառումներին, ներառյալ հասարակական վայրերում դիմակների պարտադիր կրումը և միջոցառումների մասնակիցների թվի սահմանափակումները: