20 հազար սպանված, հազարավոր տեղահանվածներ և Արցախում հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը համարվող Շուշիի էթնիկ պատկերի կտրուկ փոփոխություն: 1920 թվականի մարտի 22-26-ի իրադարձությունները տարբեր կերպ են որակում՝ Շուշիի ջարդեր, նույնիսկ՝ կոտորած: Իրականում, քառօրյա ոճրագործության նպատակը մեկն էր՝ հայաթափել Շուշին: Այդ իրադարձությունները Արցախի Արտաքին գործերի նախարարությունը ցեղասպանություն է որակում:
Արցախի Արտաքին գործերի նախարարություն - Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը:
Շուշիի կոտորածը պատահական չէր, նախապատմություն է ունեցել: Ինչպես և Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան Կայսրությունում, այն նախապատրաստվել և իրականացվել է մի քանի փուլով: 1918 թվականի մարդահամարով՝ Շուշիում և հարակից բնակավայրերում ապրել է մոտ 24 հազար հայ, ինչը բնակչության 53 տոկոսն էր:
Միքայել Մալխասյան (պատմաբան) - Իրենց տեսանկյունից ցանկալի էր այն քաղաքը, որը Արևելյան Հայաստանի ամենամեծ քաղաքն էր, 42 հազար բնակիչ ունեցող Շուշին բնակչության ամենամեծ թիվն ուներ: Բնականաբար, հաշվի էր առնվում նրա նշանակությունը մշակութային առումով: Ադրբեջանի համար կարևոր էր, որպեսզի սրբի հայկական հետքը:
Շուշիի ջարդերը նպատակ ունեին վերացնել ոչ միայն հայերին, այլ նաև ընդհանրապես հայկական հետքը: Կոտորածը կտրուկ փոխեց քաղաքում ազգերի թվաքանակի համամասնությունը և հայերի դեմ հետագա ոտնձգությունների հիմք դարձավ:
Միքայել Մալխասյան - 1920 թվականի իրադարձությունները մարտ ամսին ուղիղ ազդեցություն են գործել հայերի տեսակարար կշիռի վրա: Բնականաբար, նրանց նպատակը եղել է Շուշիի հայկական դիմագիծը ջնջելը:
Ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ 1920 թվականին Ադրբեջանի նորաստեղծ Հանրապետությանն օգնում էր թուրքական բանակը: Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ: Ըստ Արցախի արտաքին գերատեսչության հայտարարության՝ այդ իրադարձություններն այսօր առիթ են ևս մեկ անգամ հաստատելու՝ Շուշիի կորուստը ժամանակավոր է:
Արցախի Արտաքին գործերի նախարարություն - Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար:
Վերջին պատերազմից առաջ Շուշիում ավելի քան 4 հազար հայ էր ապրում: Օկուպացիայից հետո բոլոր հայերը հեռացել են քաղաքից: