Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ CWR անտառապահ Մանուկ Մանուկյանի տեսախցիկի կողմից նկարահանված հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում, որտեղ և 2020 թ․ նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակ՝ Նովան։
Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը առաջին մասնավոր պահպանվող տարածք է Հարավային Կովկասում, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից: Մասնավոր կերպով պահպանվող տարածքների գաղափարը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այդ դերը ստանձնել է CWR-ը, ինչը նոր խոսք է Հայաստանում մինչ այժմ կիրառվող պահպանության մոդելների շարքում։
Հիշեցնենք, որ 2020 թ․ տարեվերջին շատ կարևոր և հուսադրող իրադարձություն է տեղի ունեցել․ CWR տարածքում թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է հովազի նոր՝ մինչ այժմ չֆիքսված առանձնյակ, որը հավանաբար էգ է։ Նույն ժամանակահատվածում նույն տարածքում է գտնվել նաև Նեո հովազը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկեր կառույցների հետ միասին լիահույս է, որ Նեոյի և Նովայի հանդիպումը ստացվել է։
Հիշեցնենք, որ կովկասյան հովազը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Ենթատեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Endangered EN C2a(i)», իսկ տեսակը` Near Threatened կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»` CR C2a(i); D: Այն, որ կենդանու շարժի ֆիքսումն արդեն պարբերական բնույթ է կրում, խոսում է նաև այն մասին, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։
ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ-իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում: Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է: