Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հիշեցնելով՝ նախորդ տարվա հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվել է տուգանային միավորների բալային համակարգը, որը կիրառվում է միայն տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում:
«2020 թվականի ընթացքում կայացվել է տուգանային միավոր նախատեսող շուրջ 415 հազար որոշում, 45 անձ զրկվել է վարորդական իրավունքից»,- նշեց Բադասյանը:
Նախարարը նշեց, որ նախորդ տարի շարունակվել է հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2020 թվականի համար սահմանված կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների իրականացումը, որի շրջանակում ընդլայնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունների շրջանակը, այդ թվում՝ հանրային և պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց և թեկնածության հավակնոորդների բարեվարքության ուսումնասիրության, դրա հիման վրա խորհրդատվական եզրակացություն տրամադրելու լիազորությունները, ներդրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ուսումնասիրությունների համար անհրաժեշտ գործիքակազմ, օրենսդրական հիմքով հասանելիություն է տրվել պետական տվյալների շտեմարաններին:
«Հանձնաժողովը հաշվետու ժամանակահատվածում իրականացրել է 47 անձի, թեկնածուի բերավարքության ստուգում, որից 26-ի առնչությամբ ներկայացվել է դրական եզրակացություն, 16-ի վերաբերյալ՝ դրական՝ վերապահումով, 4-ի վերաբերյալ՝ բացասական, 1-ի առնչությամբ եզրակացություն չի ներկայացվել»,- նշեց Բադասյանը՝ հավելելով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև ԲԴԽ-ի անդամների հայտարարագրերի վերլուծություն, որի մասով տեղեկությունը դեռևս ամփոփման փուլում է:
Ներդրվել է ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտ, համաձայն որի՝ որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում պաշտոնատար անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու: Ներդրվել է նաև իրավիճակային հայտարարագրի ինստիտուտը, որը հանձնաժողովին թույլ կտա երրորդ անձից նույնպես հայտարարագիր պահանջել:
«Ներդրվել է մեխանիզմ, համաձայն որի՝ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը 8 միլիոնի փոխարեն սահմանվել է 5 միլիոն դրամ կամ դրան համարժեք արժույթ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայտարարատու պաշտոնատար անձանց թիվն ընդլայնվել է՝ 3000-ից հասնելով 9000-ի: