Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ քննարկումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նո՞ր Ընտրական օրենսգրքով, թե՞ հնով:
«Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք, բայց կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ մեր հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի մաքուր համամասնական համակարգ:
Ընտրական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով»,- նշեց Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ եթե քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում լինի կոնսենսուս, և փոփոխությունները տեղի ունենան արագ, ապա որևէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով: