Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային հերթական այցով եղել է մարզի Արզնի, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում: Փոխմարզպետ Վասակ Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մարզի ղեկավարը շրջել է համայնքներում սուբվենցիոն տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական հրապարակներում, ծանոթացել կատարվող աշխատանքներին: Համայնքապետարաններում մարզպետին են ներկայացրել նաև առաջիկա ծրագրերը:
Մեսրոպ Մեսրոպյանի աշխատանքային այցը մեկնարկել է Արզնի համայնքի Հայ-ասորական մշակույթի տնից, որը վերակառուցվում է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է, իսկ երկրորդ հարկում կառուցվում է հանդիսությունների սրահ: Աշխատանքները նախատեսված են ավարտել օգոստոսին: Մարզպետը եղել է նաև սուբվենցիոն ծրագրով վերանորոգված համայնքային մանկապարտեզում, հետևել կորոնավիրուսային համավարակի շրջանում կրթօջախի գործունեությանը:
Հաշվի առնելով նաև վերջին ժամանակներում հանրապետությունում համավարակի կրկին ակտիվացումը՝ մարզպետն աշխատակիցներին հորդորել է խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները: Մարզպետին ներկայացվել է, որ համայնքում նախորդ տարի ևս մեկ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են ներհամայնքային ճանապարհները:
Այս տարի համայնքից Կառավարության հաստատմանն է ներկայացվել 5 սուբվենցիոն ծրագրային հայտ, որով նախատեսում են իրականացնել ներհամայնքային ևս մի քանի փողոցների ասֆալտապատում, լուսավորության անցկացում, ավտոկայանատեղիի, մինի մարզադաշտի կառուցում և համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգում:
Արզնիից մարզպետն ուղևորվել է Քանաքեռավան համայնք, որտեղ նախորդ տարի 6 սուբվենցիոն ծրագիր է կյանքի կոչվել՝ գազատարի և ջրագծի, ինչպես նաև լուսավորության համակարգի անցկացում, մանկապարտեզի և մշակույթի տան վերանորոգում, ներհամայնքային փողոցների ասֆալտապատում։
Քանաքեռավանում մարզպետն այցելել է մշակույթի տուն, ծանոթացել ընթացող աշխատանքներին: Մշակույթի տան կահավորման և մանկապարտեզի գույքի ձեռքբերման նպատակով այս տարի համայնքը սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել Կառավարություն: Բացի նշվածից, այս տարի ևս 4 սուբվենցիոն ծրագրեր են նախատեսում իրականացնել համայնքում՝ արդիականացնել ջրամատակարարման համակարգը, անցկացնել գիշերային լուսավորություն, իրականացնել գազաֆիկացում, ինչպես նաև ասֆալտապատում՝ քարապատման (խճապատման) եղանակով։
Այցի շրջանակներում մարզպետը եղել է նաև համայնքի արվեստի դպրոցում, ծանոթացել գործող խմբակներին, հետաքրքրվել անցկացվող միջոցառումներով: Մեսրոպ Մեսրոպյանը հագեցած օրակարգով աշխատանքային այցը շարունակել է Մրգաշեն, Նոր Արտամետ և Գետամեջ համայնքներում: Մրգաշենում մարզպետի այցն սկսվել է արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհելով և պուրակում ծառ տնկելով:
Մրգաշենի համայնքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Մեսրոպ Մեսրոպյանին ներկայացվել է, որ համայնքում 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվել է ճանապարհի ջրահեռացման առուների հիմնանորոգում և նորերի կառուցում, գազաֆիկացում, բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում: 2021 թվականին Մրգաշենից ներկայացվել է 3 ծրագրային հայտ՝ գազաֆիկացում, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի կառուցում, համայնքի գլխավոր հատակագծի կառուցում:
Մրգաշենում մարզպետն այցելել է նաև համայնքի մանկապարտեզ, որտեղ միայն վերջերս է անցկացվել ջեռուցման համակարգ: Տաք և հարմարավետ մանկապարտեզը կգործի արդեն ապրիլի 1-ից: Նոր Արտամետում 2020 թվականին եղել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ ներհամայնքային փողոցների ասֆալտպատում, լուսավորության ցանցի անցկացում և ջրահեռացման համակարգի կառուցում: Սուբվենցիոն ծրագրերից ավարտվել է միայն լուսավորության համակարգի անցկացումը, մյուս երկուսի աշխատանքներն ընթացքի մեջ են, կավարտվեն առաջիկայում: Համայնքում առաջիկա օրերին կսկսվի նաև ոռոգման արդիականացման ծրագիրը:
Գետամեջ համայնքում էլ անցած տարվա սուբվենցիոն ծրագրով ջեռուցման համակարգ են անկացրել համայնքապետարանում և մշակույթի տանը, որը վերանորոգվել է 2019 թվականին՝ կրկին սուբվենցիոն ծրագրով: Համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին: