Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը վարկանշային էր Օլիմպիական խաղերի համար:
Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին մասնակցել են 4-ական ըմբիշով՝ նվաճելով 2 ոսկե մեդալ և նույնքան Օլիմպիական ուղեգիր:
Մրցաշարի չեմպիոն են դարձել ազատ ոճի հավաքականից 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) և 2020 թվականի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ):
Արսեն Հարությունյանը եզրափակիչ գոտեմարտում 8:3 հաշվով պարտության է մատնել Գեորգի Վանգելովին (Բուլղարիա), իսկ մինչ այդ վստահ հաղթանակներ է տոնել բելառուս Վլադիսլավ Ադրեևի (10։2), վրացի Բեկա Բուջիաշվիլու (10։5) և ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի (10։0) նկատմամբ:
Վազգեն Թևանյանը չեմպիոնական գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ՝ 9:0: Նախքան եզրափակիչը Թևանյանը առավելության է հասել բուլղարացի Վլադիմիր Դուբովի (11:0), բելառուս Նյուրգուն Սկրայբինի (7։5), Օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Վլադիմեր Խինչեգաշվիլու (6։4) և Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի (4:2) նկատմամբ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ), Արթուր Շահինյանին (87 կգ), Դավիթ Օվասապյանին (130 կգ) և ազատոճայիններ Հրայր Ալիխանյանին (74 կգ) ու Հովհաննես Մխիթարյանին (86 կգ) չի հաջողվել դառնալ մեդալակիր:
Բուդապեշտում ուղեգիր են նվաճել միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Այժմ Հայաստանը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի 6 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: Հավելենք, որ հայ ըմբիշներն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու ևս մեկ հնարավորություն կունենան մայիսի 6-9-ը Սոֆիայում (Բուլղարիա) կայանալիք մրցաշարի շրջանակում: