Բանակն այսօրվանից ենթարկվում է Արտակ Դավթյանին. նա իրավունքի ուժով գլխավոր շտաբի նոր պետն է՝ հայտարարում է արդարադատության նախարարը՝ հերքելով այն պնդումները, թե Օնիկ Գասպարյանի ազատման ու ԳՇ նոր ղեկավարին նշանակելու պրոցեսում իրավական խնդիրներ կան։
Արտակ Դավթյանի նշանակումը չի եղել նախագահի հրամանագրով, բայց սա այն դեպքերից է, երբ Սահմանադրությամբ հստակ կարգավորում կա՝ բացատրում է Բադասյանը։ Վարչապետը մարտի 10-ին էր նախագահին ներկայացրել Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը, հաջորդ օրը Բաղրամյան 26-ից այն առարկություններով հետ էր ուղարկվել Կառավարություն։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, չէր ընդունել Արմեն Սարգսյանի առարկություններն ու հրամանագրի նախագիծը կրկին ուղարկել էր նախագահական։ Ու թեև այս օրերի ընթացքում փաստաթուղթն այդպես էլ չի ստորագրվել, այն օդում չի մնացել, սկսել է գործել՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի ուժով՝ նշում է նախարարը։
Արտակ Դավթյանի նշանակմանը զուգահեռ, դատարանում պաշտոնից ազատման փաստն է վիճարկում Գլխավոր շտաբի արդեն նախկին պետը։ Գեներալ-գնդապետի ու նրա փաստաբանի պնդմամբ՝ չկա օրենքի նման դրույթ, որով կարող են ազատել անցած ամռանը 5 տարով ԳՇ պետ նշանակված Օնիկ Գասպարյանին։ Ու մինչև բուն հայցի քննության ավարտը, անցած շաբաթ վարչական դատարանը միջանկյալ որոշում ընդունեց, որով Գասպարյանը շարունակում է մնալ բանակի ղեկավար։ Այն ժամանակ էլ, հիմա էլ գործադիրից հակադարձում են՝ Գասպարյանն ազատվել է իրավունքի ուժով։ Նախարարի խոսքով՝ Կառավարությունն իրավունք չունի չիրականացնել Սահմանադրությամբ նախատեսված նորմերը։
Թե ինչ կլինի հետագայում՝ պարզ կդառնա դատավարության ընթացքում՝ ասում է նախարարը, հիշեցնում՝ միանգամից մի քանի պրոցես է ընթանում, հանրապետության նախագահն էլ դիմել է Բարձր դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Ռուստամ Բադասյանն այսօր նաև արտահերթից խոսեց՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունից։ Նկատեց՝ ռեյտինգային համակարգը մեր երկրին համապատասխան չէ։
Բադասյանը նշում է՝ գրեթե մեկ տարի նոր ընտրակարգի շուրջ քննարկումներ են ընթանում, քաղաքական ուժերն էլ ծանոթ են դրանց, կարծում է՝ նոր օրենքի ընդունումը խաղի կանոններն անակնկալ կերպով չի փոխի։
Հարցին՝ թե իշխող ուժն ում դեմքով է գնալու ընտրությունների՝ նախարարն ասում է՝ ակնհայտ է՝ վարչապետի։ Նկատում՝ քաղաքացիներին պետք է որոշում կայացնելու հնարավորություն տալ։