Տեղի է ունեցել առցանց հանդիպում ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղեկալ Լենա Նանուշյանի և Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալ Խոսե Լուիս Սաթջյանի միջև՝ հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Հանդիպումը միտված էր երկու գերատեսչությունների միջև վերջերս ձևավորված համագործակցության խթանմանը և նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում ձեռքբերված փորձի փոխանակմանը:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ուրուգվայի հանրային առողջապահության նախարարի տեղակալն ընդգծել է նմանատիպ հանդիպումների կարևորությունը և շնորհակալություն հայտնել ընձեռված հնարավորության համար:
«Առողջապահության բնագավառում հայ-ուրուգվայական համագործակցության շրջանակների ընդլայնումը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների փոխգործակցության զարգացմանը»,- նշել է Լենա Նանուշյանը:
Անդրադառնալով COVID-19 համավարակի շրջանում ծավալված աշխատանքներին` ուրուգվայական կողմը հանդես է եկել հատուկ ռազմավարական նախագծով` ներկայացնելով համավարակի վերաբերյալ զեկույց:
Խոսվել է կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված առկա գործելակարգերին, պատվաստմանն ու պատվաստանյութերին առնչվող հարցերի, ծավալվող լաբորատոր աշխատանքների, ինչպես նաև COVID-19-ի բուժման մեխանիզմների մասին:
Միաժամանակ քննարկվել է Ուրուգվայում կիրառվող չինական արտադրության «Սինովակ» պատվաստանյութի արդյունավետությունը: Մասնավորապես ընդգծվել է, որ տեղի մասնագետները դրական են գնահատում պատվաստման գործընթացը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առցանց հանդիպումները շարունակական դարձնել` առարկայական քննարկումներ ծավալելու ձևաչափով: