Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ՄԱԿ-ի համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թ․ Ռիո դե Ժանեյրոյում՝ գրում է Calend-ը։
Ջրային պաշարների համաշխարհային օրվա հիմնական նպատակներն են՝
Հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված վերջիններիս վերականգնման ու պահպանության հետ:
Նպաստել բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդրի լուծման համար համապատասխան միջոցառումների ընդունմանը:
Իրազեկել հասարակությանը քաղցրահամ ջրի եւ ընդհանրապես ջրային պաշարների պաշտպանության ու պահպանման կարեւորության մասին:
Ըստ որոշ փորձագիտական գնահատականների՝ 2050 թ. աշխարհի բնակչությունը կկազմի 9 մլրդ, որից 4 մլրդ-ը կապրի ջրի խրոնիկ դեֆիցիտի շրջաններում: Այսինքն` ջուրը կդառնա աշխարհում ամենաարժեքավոր հումքը: