ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Գյումրու զբաղվածության կենտրոնի աշխատանքը։ Ուրբաթ օրվանից ուժայինները գործողություններ են սկսել այդ կառույցում, այսօր արդեն դուռը կողպված ու կապարակնքված է։ Զբաղվածության կենտրոնի 7 աշխատակիցների ձերբակալման վերաբերյալ տեղեկությունն ԱԱԾ-ից առայժմ չեն մեկնաբանում։ Կառույցն առաջիկայում հանդես կգա պաշտոնական հաղոդագրությամբ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող զբաղվածության կենտրոնը Գյումրիում ժամանակավորապես գործում է կայարանամերձ հրապարակում։ Սակայն այսօր կառույցի դռները փակ են, այցելուներ չի ընդունում:
Գյումրիում զբաղվածության կենտրոնին դիմում են աշխատանք փնտրող, գործազուրկ քաղաքացիները, նրանք, ովքեր նոր մասնագիտություն են փորձում ձեռք բերել և գործատուներ, ովքեր մասնագետներ են փնտրում։ Նրանց բոլորի համար այսօր զբաղվածության կենտրոնի դռները փակ են, հեռախոսները լռել են ուրբաթ օրվանից։ Կառույցը հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Տեղեկությունները կառույցի 10 աշխատակցի ձերբակալելու մասին էին, ավելի ուշ թիվը հստակեցվեց՝ 7 աշխատակցի, այդ թվում ՝կառույցի տնօրենին։
ԱԱԾ-ից տեղեկությունները չեն մեկնաբանում։ Լրատվական ծառայությունից «Լուրերին» փոխանցեցին, որ պաշտոնական հաղորդագրություն են պատարաստում, կտարածեն առաջիկայում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեկնաբանում են․ իրավական գործընթացներ են ընթանում։
Կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը հեռախոսով փոխանցեց, որ Երևանում է, մասնակցում է քննչական գործողությունների։ Նրա փաստաբան Արմեն Թևանյանը «Լուրերին» փոխանցեց, որ այսօր արդեն ձերբակալված քաղաքացիներ չկան, բոլորն ազատության մեջ են։ Քրեական գործ է հարուցվել, գործն ԱԱԾ վարույթում է, այլ մանրամասներ նպատակահարմար չգտան հրապարակել։
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Զբաղվածության կենտրոնում ԱԱԾ գործողություններով հետաքրքրված ու շահագրգիռ կողմ է ԱԺ գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Ինքը՝ Սարուխանյանն այդ տեղեկությունները լսել է, համարում է զրպարտանք: Ըստ պատգամավորի՝ միտումնավոր գործընթաց են սկսել իր դեմ և շրջանառում են նաև ազգականների անունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ավելի ուշ «Լուրերին» փոխանցեցին, որ զբաղվածության կենտրոնի դռների կապարակնիքները կհեռացվեն և կառույցը վաղվանից կանցնի բնականոն աշխատանքի, կսպասարկի քաղաքացիներին։