Եվրամիությունը կարող է արգելափակել AstraZeneca պատվաստանյութերի մատակարարումը Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Ամերիկյան հրատարակության համաձայն՝ Եվրամիությունը ուշադիր կքննարկի դեղամիջոցը Մեծ Բրիտանիա արտահանելու բոլոր հայցումները: Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դրանք կմերժվեն, քանի որ արտադրողն ամբողջովին չի կատարել պատվաստանյութը միության անդամ երկրներին մատակարարելու իր պարտավորությունները:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը AstraZeneca-ին սպառնացել էր արգելել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտահանումը Եվրամիությունից այլ երկրներ՝ մատակարարումների կտրուկ կրճատման պատճառով: Ըստ նրա՝ առաջին եռամսյակի վերջին արտադրողը մատակարարել է պայմանագրով նախատեսված պատվաստանյութերի ծավալի միայն 30 տոկոսը:
Պատճառներից մեկը հնդկական Պունա քաղաքում պատվաստանյութի արտադրության համար կառուցվող գործարանում բռնկված հրդեհն է: