Զինված ուժերի համար դեպի թիկունք հայացքն անընդունելի է. բարձրագույն սպայակազմին գլխավոր շտաբի նորանշանակ պետին ներկայացնելիս նշել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - «Իհարկե, առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում, և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը, և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը և, իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»:
Զինված ուժերը պետք է ապաքաղաքական կառույց լինի. Փաշինյանը հիշեցնում է, որ նման խնդիր Արտակ Դավթյանի առաջ դրել է դեռ 2018-ին, երբ նրան առաջին անգամ էր ներկայացվում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնի համար, Դավթյանն այդ խնդիրը կատարել է՝ հավաստում է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - «Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում: Եվ ուզում եմ կրկնել ևս մեկ անգամ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ նշել, հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին»:
ԶՈՒ-ում անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, որոնք կմեծացնեն բոլորի վստահությունը բանակի և մեր անվտանգային համակարգի նկատմամբ՝ առաջին հանձնարարականներն է Դավթյանին ու հրամկազմին տալիս վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - «Զինված ուժերը, որքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ՝ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք, իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:
Արտակ Դավթյան (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) - «Տրված ցուցումները վերցնում ենք ի կատարում, և վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով»:
Ե՛վ վարչապետը, և՛ Գլխավոր շտաբի նորանշանակ պետը ծառայությունների համար շնորհակալություն հայտնեցին նախկին ԳՇ պետին և հրամկազմին բարդ շրջանում ծառայությունների համար: