Ջեֆ Քինգ (Միջազգային Քրիստոնեական հոգատարություն» կազմակերպության նախագահ) - Նրանց, ովքեր ուզում են վերադառնալ Արցախ, մտադիր ենք օգնել նորոգելու տները, աջակցելու ենք փոքր բիզնեսին: Ուզում ենք օգնության փաթեթներ ուղարկել Արցախ։
Ջեֆ Քինգը ICC Միջազգային քրիստոնեական հոգատարություն միության ղեկավարն է։ Նախկինում հիմնականում կենտրոնացել են Թուրքիայի ուղղությամբ, բայց հիմա առանձին ուշադրության տակ են պահում Արցախի հարցը։
Պատերազմի կամ բռնազավթված տարածքների հայկական հուշարձանների մասին հայտարարություններն իրենց կայքում հաջորդում են մեկը մյուսին, առցանց համաժողովներ են անում։
Էնդրյու Քրեյն (ICC Շահերի պաշտպանության հարցերով պատասխանատու) - Ադրբեջանցի զինվորները և Թուրքիայի կողմից վճարված սիրիացի վարձկանները Արցախի հայերի դեմ իրականացրել են պատերազմական հանցագործություններ, որոնք հիմնավորապես արձանագրված են։ Պատերազմի օրենքները խախտելով՝ նրանք վնաս են հասցրել քաղաքացիականներին և հայկական քրիստոնեական սրբավայրերը»։
Բրիտանիայից միացած բարոնուհի Քերլայն Քոքսը ցուցադրեց Արցախ կատարած իր վերջին այցին արված լուսանկարները։
Քերոլայն Քոքս (Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի) - Տեր Հովհաննեսը շատ մտահոգ էր, քանի որ պատմականորեն Ադրբեջանը մեծ թվով քրիստոնեական հուշարձաններ են ոչնչացրել, ինչպես օրինակ՝ Նախիջևանում, ինչպես իր խոսքում նշեց Արցախի ներկայացուցիչը: Մեծ թեթևություն ապրեցի՝ իմանալով, որ ռուս խաղաղպահ ուժերն են պահպանում Դադիվանքը։ Բայց գալիքն անհայտ է, ու Դադիվանքը Ձեր աղոթքների կարիքն ունի։
Հայկական հուշարձաններն անվանում են աղվանական, վերջին պատերազմի ժամանակ հարվածել են հիվանդանոցին ու երաժշտական դպրոցին, արված լուսանկարներն ադրբեջանաթուրքական պատերազմական հանցագործությունների վավերագրած դրվագներ են՝ ասում է Քոքսը։ Իր ղեկավարած միությունը մարդասիրական օգնություն է առաքում Արցախ, որտեղ մոտ 100 հազար քաղաքացու առաջնահերթ օժանդակություն է պետք, նշեց նա:
Քերոլայն Քոքս (Մեծ Բրիտանիայի լորդերի պալատնի նախկին փոխխոսնակ, բարոնուհի) - Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն բավարար հիմքեր՝ անկախություն պահանջելու ճիշտ այնպես, ինչպես Արևելյան Թիմորի, Էրիթրեայի, Կոսովոյի բնակիչներն ունեին։ Նրանց օրինակներով մենք տեսել ենք ինքնորոշման ճանաչման դրական հետևանքները։
ԱՄՆ Հայկական համագումարից Մարիամ Խալոյանը ևս նախորդ նոյեմբերին Արցախում է եղել: Ասում է՝ վերջիններից մեկն է անցել Քարվաճառի ճանապարհով՝ մինչև փակվելը։ Հեռախոսով նկարել է ավերված հիվանդանոցը, էլեկտրակայանը, շուկան…
Մարիամ Խալոյան (ԱՄՆ Հայկական համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի պատասխանատու) - Շատ ծանր ճամփորդության էի գնացել փաստահավաք առաքելությամբ՝ տեղեկացնելու կոնգրեսականներին ու հայ համայնքի ներկայացուցիչներին։ Շարունակելով պահանջել հայ գերիների ազատ արձակումը՝ երախտագիտություն ենք հայտնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամներին, որոնք առաջադրել են գերիների վերադարձը պահանջող օրինագիծ։
Ջեֆ Քինգ - Քանի՞ գերի կա: Նրանց անուններն էլ հայտնի չեն։ Եթե նույնիսկ այս տեղեկությունը չեն հրապարակում, ապա չգիտես՝ ինչ անել։ Մենք շփվում ենք Պետքարտուղարության հետ և կարծում, որ պետք է ճնշում կիրառել Ադրբեջանի կառավարության նկատմամբ այս հարցով։
Պահանջելով հայ գերիների ազատ արձակում՝ ամերիկահայ երիտասարդները վարձել էին էլեկտրոնային վահանակներով մեքենան, որը շարժվելով ադրբեջանական դեսպանատան մոտից՝ մոտ երկու ժամ պտտվեց Վաշինգտոնի փողոցներով՝ ամերիկահայերի մեքենաների ուղեկցությամբ։ Անցնելով Կոնգրեսի ու Վաշինգտոնի արձանի մոտով՝ նրանք վերջին կանգառն արեցին Սպիտակ տան մոտ: