Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը տեղի կունենա 2021 թվականին Երևանում: Այդ մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի՝ 2020-ի կատարման արդյունքները:
Ղևոնդյանը նշեց, որ ընթացիկ տարում տեղի կունենա նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը, որը նույնպես հետաձգվել էր կորոնավիրուսի պատճառով:
Նրա խոսքով՝ չնայած համաշխարհային տնտեսության անկման միտումներին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 10 ամսում՝ 2020-ի հունվար-հոկտեմբերին, գրանցվել է առևտրաշրջանառության 0.6 տոկոսի անկում՝ 2019-ի ցուցանիշների համեմատ, ինչն, ըստ փոխնախարարի, աննախադեպ էր հայ-ռուսական հարաբերություններում:
Ղևոնդյանն ասաց, որ 2020-ի հունվար-հոկտեմբերին Բելառուսի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 66 մլն դոլարի, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանից Բելառուս արտահանման մասնաբաժինը մեծացել է:
Նա հայտնեց, որ զարգացման դինամիկա ունենք նաև հայ-ղազախական առևտրաշրջանառության առումով: Հաշվետու ժամանակահատվածում այն հասել է 14 մլն դոլարի, ինչը երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Փոխնախարարը նշեց, որ նվազել է միայն Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության ցուցանիշը՝ 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմելով 1 մլն 600 հազար դոլար՝ նախորդ տարվա 2 մլն 800 հազարի փոխարեն: