Համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում նկատվում է բռնության դեպքերի աճ: 2019 թ. ՄԻՊ-ի հրապարակած վիճակագրությունը և 2020-ի տվյալները փաստում են՝ Հայաստանում նույնպես այդ խնդիրը արդիական է: Բռնության դեպքերը նվազեցնելու համար պատասխանատու կառույցները կարևորում են իրազեկվածության բարձրացումը․ ընտանիքում բռնության հավանական զոհը պիտի կարողանա պաշտպանել իրեն:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Երբ մենք անցյալ տարվա ընթացքում փորձում էինք հասկանալ իրազեկման մակարդակը, մենք լուրջ բացահայտում արեցինք: Շատ քաղաքացիներ տեղյակ չէին՝ ինչ համարներով զանգահարել, ում դիմել: Սա էր նաև պատճառներից մեկը, որ նախաձեռնեցինք համապարփակ իրազեկման արշավ, որն այս տարվա մարտի 9-ից մեկնարկել է:
Միջազգային գործընկերների, ՄԻՊ գրասենյակի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ մշակած արշավի գործիքներից մեկն էլ դարձավ սոցիալական էքսպերիմենտը։ Դրա նպատակն էր պարզել բռնության ականատեսների վարքագիծը․ արդյունքում՝ էքսպերիմենտի իրականացման 4 ժամվա ընթացքում «ընտանիքում բռնության» դեպքին արձագանքել է միայն մեկ ականատես: Ուշադրության է արժանի նաև կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Հեղինակները համոզված են՝ բռնության զոհերը հենց սև ու սպիտակ են տեսնում կյանքը։
Սակայն որոնք են ընտանիքում բռնության պատճառները, և ինչու են դեպքերը տարեցտարի շատանում։ Հոգեբան Արշակ Գասպարյանի պնդմամբ՝ համավարակը ստիպեց մարդկանց փակվել չորս պատի մեջ, ընտանիքի գաղափարը սկսեց ընկալվել նորովի, արժեհամակարգերի բախումները հանգեցրին ագրեսիվ վարքի։ Սակայն խնդիրն ավելի խոր արմատներ ունի։
Արշակ Գասպարյան (հոգեբան) - Կարևոր կոմպոնենտ է կրթությունը․ պիտի մարդուն սովորեցնել՝ ինչպես լուծել կոնֆլիկտը։ Կարևոր է՝ ինչ է սովորում մարդը, ինչպես է ճանաչում աշխարհը, իր տեսակից տարբերին ինչպես է հանդուրժում:
Կարևոր չափորոշիչ է նաև կենսամակարդակը։ Օրինակ՝ գումարի սղության պատճառով կրթությունից, ուստի և սոցիալականացումից զրկված երեխան մեծանում է առանց դիմացինի հետ հարաբերվելու հմտությունների։ Անհետևանք չի կարող մնալ հեռուստատեսությամբ և սոցիալական մեդիայում հնչող ատելության խոսքը։ Հոգեբանը նաև նշում է՝ մարզերում իրավիճակն ավելի մտահոգիչ է։ Ոստիկանության տվյալներով՝ 2020 թվականին ընտանիքում բռնության դեպքերով հաշվառված անձանց թիվը մարզերում կազմել է 773, Երևանում՝ 400։
Արշակ Գասպարյան - Քաղաքում և մարզերում վարքի մոդելները տարբեր են․ սոցիալական, ֆինանսական վիճակը, կրթական աստիճանը ծայրաստիճան տարբր են մարզերում և քաղաքներում։
Ոստիկանության տվյալներով՝ 2019 թվականին քննվել է բռնության 485 դեպք, 126-ով հարուցվել է քրեական գործ, 2020-ին՝ 540 դեպք, քրեական գործ հարուցվել է 150-ով։ 2019-ի համեմատ 2020-ին ընտանիքում բռնության դեպքերն ավելացել են 55-ով։
Ահազանգերը շատացել են նաև 2017 թվականին «Ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված օրենքն ընդունելուց հետո:
Նելլի Դուրյան (ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ) - Քաղաքացիները բարձրաձայնում են, վստահում են, գիտեն, որ կա մասնագիտացված ստորաբաժանում, ամենակարևորը՝ կա օրենք, որն իրենց կպաշտպանի։
Եթե ժամանակին խնդիրը տարատեսակ արշավների միջոցով առավել ակտիվ բարձրաձայնում էին մեծամասամբ ՀԿ-ները, ապա այժմ նման միջոցառումներ իրականացնում են նաև պետական մարմինները։ Դրանցից մեկն էլ վերջերս գործարկված կայքն է:
Կայքում այցելուները կարող են տեղեկանալ իրենց իրավունքներին՝ ո՞ւր դիմել բռնության և իրավունքների խախտման դեպքում, ինչպե՞ս ստանալ պաշտպանություն և, անհրաժեշտության դեպքում, ապաստան։ Այստեղ հնարավոր է ծանոթանալ նաև պատասխանատու կառույցների ծառայություններին, գտնել թեժ գծի հեռախոսահամարները և հասցեները, որոնցով կարող են դիմել բռնության բախվելու դեպքում:
«Բռնությունը լռության մեջ է» խորագրով արշավը կշարունակվի նաև ապրիլին և մայիսին՝ ասում են նախաձեռնողներն ու հորդորում՝ չլռել՝ այդպիսով կոտրելով բռնության շղթան: