Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին կներկայացնի նոր, հրաշալի ներկայացում՝ ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը:
Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը՝ Արեն Օսիպյանը:
Բեմադրող ռեժիսորի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես անտիդեպրեսանտ, ակնկալիքով, որ հանդիսատեսը մի փոքր թեթևանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կունենա:
Ֆրանսիացի դրամատուրգի ստեղծագործությունը անհատ-հասարակություն բարդ փոխհարաբերությունների ու հասարակական ընկալումների մասին է, որտեղ հետաքրքիր իրավիճակային լուծումներով արտացոլված են նաև այսօրվան բնորոշ բարքերն ու ընկալումները:
Յուրաքանչյուր չորեքշաբթի մեծահարուստ երիտասարդների մի խումբ կազմակերպում է հանդիպում «հիմարի» հետ: Եվ ում «հիմարը» համոզիչ է, նա ստանում է մրցանակ: Երբ հերթը հասնում է Բրոշանին, նա շատ է ուրախանում, քանի որ վերջերս էր ծանոթացել մի «հիանալի» հիմարի հետ: Նա համոզված է, որ մրցանակն իր գրպանում է լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ են զարգանում...
Բեմադրության առաջնախաղը տեղի կունենա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մարտի 26-ին և 27-ին: