Գարնանային նոր եթերաշրջանը Հանրայինը սկսում է նոր նախագծերով ու 65-րդ հոբելյանի առիթով վերադարձնում նաև հին ու սիրելի հաղորդումները:
Գարնանային ներկապնակով՝ Հանրայինի նոր թռիչքը՝ հեռուստաաշտարակից ավելի բարձր:
Հին օրերի սպասված վերադարձը: Երկարատև դադարից հետո գարնանային եթերաշրջանում Հանրայինի եթերում նորից Երրորդ ալիքն է: Վերջին թողարկումը 1999-ի օգոստոսի 30-ին էր:
Արտավազդ Եղոյան (հաղորդավար) - Կատակները մեզ հետ քայլում են հեռուստատեսություններում և էլի շատ տեղերում:
Կարեն Քոչարյան - Ինձ համար շատ հարազատ վայր է այստեղ:
Զույգն անբաժան է՝ բոլորին հայտնի Արտավազդ Եղոյանն ու Կարեն Քոչարյանը Առաջին ալիքի եթեր են վերադարձել՝ խորհրդանշական դարձնելու Հանրայինի 65-ամյա հոբելյանը:
Արտավազդ Եղոյան - Շատ շնորհակալություն ղեկավարությանը, նրանք էլ շատ ուրախ, ժպտալով, շատ մեծ սիրով մեզ ընդունեցին: Մի խոսքով՝ մենք մեր տանն ենք:
Կարեն Քոչարյան - Շնորհակալություն ղեկավարությանը հրավերի համար, որ հրավիրեց Հանրային հեռուստատեսություն, մեր տուն:
Հանրայինի նոր քաղաքականության հիմքում նաև հեռուստատեսության հարուստ ժառանգության վերարժևորումն է, անցյալն ու ներկան համադրելով՝ քայլ դեպի ապագա:
Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Շատ կարևոր է, որ մենք գնահատենք մեր ավագ գործընկերներին, նրանց փորձը և նրանց փորձի շնորհիվ նաև բերենք եթեր այն մարդկանց, ովքեր սիրում են այդ հաղորդումները, որոնք մենք չունեինք:
Գարնանային եթերաշրջանում, և ոչ միայն, Հանրայինում կլինեն հաղորդումներ բոլորի համար: Բովանդակության ու պատկերների մի ամբողջ փաթեթ կմատուցվի արտադրական նոր լուծումներով: Սահմանված նշաձողը կհաղթահարեն թիմային ճիշտ աշխատանքի շնորհիվ:
Եթերում նոր ծրագրերն արդեն մեծ դիտողականություն ունեն: Արագ փոփոխվող աշխարհում կեղծիքն ու ապատեղեկատվությունը, կիբեռհարձակումները դառնում են անխուսափելի: Հանրայինի թիմը կօգնի նաև օնլայն հարթակում լինել պաշտպանված, տարբերել թացը չորից: «Մեդիագրագիտություն» հաղորդման շնորհիվ Սամվել Մարտիրոսյանը կարճ հոլովակներով կհուշի հոսքերի գրագետ կառավարման ու քարոզչական նյութերի տարանջատման մասին:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Փորձում ենք ոչ միայն ընդհանուր բաներից խոսել, թե ինչի վրա ուշադրություն դարձնել լրատվության մեջ, այլև վտանգների մասին. ամեն պահի ապատեղեկատվություն է մտնում:
«Անկեղծության ժամ»՝ նայելով փոքրերի աչքերին:
Տարբեր բնագավառներից հայտնի դեմքերը Հանրայինի տաղավարում անկեղծանում են հանուն երեխաների: Հազար ու մի հարցի տաղավարում հնարավոր է նաև բացել օրվա հյուրերի գաղտնիքների տուփը:
Նոր տաղավարներ՝ տեխնիկական նոր լուծումներով: «Չտեսնված կինոն» փոխել է ձևաչափը; Հաղորդումը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ցուցադրում, քննարկում էր անկախության տարիների ֆիլմերը: Գարնանային եթերաշրջանը ավելի հեռուն է գնացել. կցուցադրվեն խորհրդային տարիների հայտնի, անհայտ ու նաև արգելված ֆիլմերը:
Այս եթերաշրջանից հատուկ անդրադարձ է լինելու ազգային արժեքներին: Արդեն էկրանին են անցումային կարճ հոլովակները՝ ազգային երաժշտությամբ, նոր մեդելավորմամբ, պատմամշակութային լուծումներով:
Հովհաննես Մովսիսյան - Ազգային արժեքները մեր եթերում ավելի շատ տեղ են ունենալու, և մենք առաջիկայում արդեն՝ նոր եթերաշրջանում, ունենալու ենք հեռուստահաղորդում, որը պատմելու է մեր ազգային նվագարանների, երգի, պարի խմբերի մասին, և մենք փորձելու ենք նաև այս միջոցով վերադարձնել և շատ տեղ հատկացնել հենց ազգայինին:
Հանրայինը լինի ամբողջ հանրության և Հայաստանի ալիք, և եթերում դա երևա: Փորձելու ենք նաև հաղորդումներում մեծ տեղ հատկացնել մարզերին և ցույց չտալ միայն Երևանը կամ Երևանում նկարահանվող հաղորդումներ:
Կրթական, մշակութային, քաղաքական հաղորդումների շարքում Առաջինի եթերում կլինի երաժշտական նոր նախագիծ:
«Մեր օրերի երգը» նախագծում կհնչեն երգեր, որոնք ստեղծվել են մեր օրերում, նաև երգեր՝ հին օրերից: Նախագիծը, ղեկավարների համոզմամբ, առանձնահատուկ տեղ է ունենալու Առաջինի երաժշտական հաղորդումների պատմության մեջ:
Տիգրան Վիրաբյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր) - Աշխատանքային պրոցեսում ներգրավված են Հայաստանի լավագույն մասնագետները և՛ Հանրային հեռուստատեսությունից, և՛ մարդիկ, որոնք հրավիրվել են Հանրային: Այս ստեղծագործական խմբով, կարծում եմ, անակնկալ կմատուցենք հեռուստադիտողին:
Գարնանային բազմաժանր եթերաշրջանին զուգահեռ Հանրայինի թիմը նոր գաղափարներով պատրաստվում է աշնանը՝ 65-րդ եթերաշրջանին:
Ղեկավարությունը հիշեցնում է՝ Հանրայինը մեծ հեռուստաընտանիք դառնալու ճանապարհին է:
Հեղինակավոր BREAVIS ընկերության վերջին հարցումներով՝ Առաջին ալիքը ճանաչվել է ամենավստահելին ու ամենադիտվողը: