Հայաստանը փորձում է դիվանագիտական խողովակներով ու իրավական գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձնել Ադրբեջանում պահվող գերիներին: ՄԻԵԴ-ում գերիներին առնչվող ավելի քան 240 դիմում կա, առաջիկայում էլ հարցը կքննարկվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում:
-Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է հայ գերիներին վերադարձնել, այլև նրանց հանցագործ է համարում: Մասնագետների կարծիքով կոմիտեի դիտակետում հարցի հայտնվելու դեպքում ճնշումը Բաքվի վրա կմեծանա: Մայա Խաչատրյանն է պատմում:
Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգում է, բայց դեռ հստակ չէ՝ քաղաքական մարմինը երբ կքննարկի այն: Չի բացառվում, որ հարցի քննարկման ժամանակ Ստրասբուրգ գործուղվի նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:
Եղիշե Կիրակոսյան. (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ). «Չունենք դեռ նախատեսված ժամկետ, մենք մեր մշտական ներկայացուցչության հետ կապի մեջ ենք Ստրասբուրգում, դեսպաննայդ ուղղությամբ աշխատում է, ներքին քննարկումներ են ընթանում, ժամկետ չեմ կարող ասել,բայց փորձում ենք հնարավորինս պնդել, որ պետք է հրատապ լինի»:
Գերիների հարցով ՄԻԵԴ-ը նախարարների կոմիտեին ծանուցեց մարտի 13-ին: Եվրադատարանին Հայաստանն այս հարցով դիմել էր, քանի որ Ադրբեջանի վարքագիծը ոչ համագործակցային էր, հաճախ էին խախտվում դատարանի սահմանած ժամկետները: Դատարանին Բաքուն չէր տրամադրում գերիների մասին տեղեկություններ, տրամադրելու դեպքում դրանք ոչ լիարժեք են և ունեն լրացուցիչ հիմնավորմումների կարիք:
Եղիշե Կիրակոսյան. «Կոմիտեն քաղաքական մարմին է, որտեղ հարցի քննարկմանդեպքում բարդ կլինի Ադրբեջանի համար անընդհատ խուսափել կամ տրամադրել, և պարզ է ՝ դիալոգը,որ պետք է բացվի նախարարների կոմիտեում, որտեղ ներկայացված են բոլոր անդամ պետությունները,ավելի մեծ հնարավորություն է ստեղծում, թե ճնշումն ավելացնելու, թե շատ ավելի անմիջական շփում ապահովելու, որը կարևոր է հարցի հրատապությունը հաշվի առնելով»:
Հայաստանի ակնկալիքն է՝ քննարկմանը շեշտվի հարցի հումանիտար կողմը, անդամ պետությունները շահագրգիռ լինեն խնդիրը դիտարկելու այդ տեսանկյունից: Գերության մեջ գտնվող անձանց հանցագործ կամ ահաբեկիչ ներկայացնելու Բաքվի փորձերը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը համարում է քաղաքական շահարկում՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և պարիտետային իրավիճակ ստեղծելու համար:
Եղիշե Կիրակոսյան. «Եթե նույնիսկ Խծաբերդի մասին է պնդումը, ապա նշեմ, որ Ադրբեջանի կողմից հաստատված անձանց շարքում գտնվում են անձինք, ովքեր որ այլ հանգամանքներում են գերեվարվել, և հաստատվել է, այսինքն՝ ստեղ իրենք իրենց էլ են սկսում հակասել, բացի դրանից, նշենք, որ Խծաբերդի և Հին թաղերի դեպքի արդյունքում գերեվարված անձանցից որոշակի մասը հայրենադարձվել է»:
Արձագանքելով հայ գերիներին ադրբեջանական բնորոշումների մասին հայտարարություններին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչն ասում է՝ կարգավիճակի հարցը իրենց և պատկան մարմինների կոնֆինդենցիալ քննարկման տիրույթում է: Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելում են նրանց, ում գերության փաստը հաստատված է:
Զառա Ամատունի. (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար). «Բնորոշումը, որը վերաբերում է մեր տրված կարգավիճակի առումով, փակ է, չենք կիսվում, բայց անձինք, որ պահվում են, անազատության մեջ են, գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո, սա թույլ է տալիս մեր կազմակերպությանը, տեսակցել անձանց»:
Հայկական կողմն ավելի քան 240 անձի վերաբերյալ միջանկյալ կամ հրատապ միջոց կիրառելու դիմում է ներկայացրել Եվրադատարան: Գերիներից 69-ը վերադարձել է հայրենիք: Որոշ թվով անձանց գերության փաստն Ադրբեջանը հաստատել է, բայց կան անձինք, որոնց՝ ադրբեջանական հսկողության ներքո գտնվելու վերաբերյալ թեև կան ապացույցներ, Բաքուն պնդում է՝ նրանք Ադրբեջանում չեն: Այս հարցը ևս պետք է քննարկվի նախարարների կոմիտեում: Մարալ Նաջարյանի վերադարձից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե գերության մեջ հայ կանայք այլևս չկան:
Եղիշե Կիրակոսյան. «Առնվազն մեկ հոգի, որ մեր տվյալներով պետք է, որ իրենց մոտ լինի, բայց ցավոք, այդ անձի վերաբերյալ որևէ հաստատումչենք ստացել, շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Քաղաքացիական անձի մասին է խոսքը, 9-ից հետո մարդիկ մեքենայով փորձել են գնալ Արցախ Լաչինի միջանցքով, այդտեղ է եղել առևանգումը»:
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատ է ներկայացրել նաև Եվրադատարան՝ արցախյան վերջին պատերազմի ընթացքում և հետպատերզմական ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Միջանկյալ միջոց կիրառելու հարցով Ադրբեջանի ներկայացրած բոլոր դիմումները Ստրասբուրգի դատարանը մերժել է ՝ համարելով դրանք ոչ հիմնավոր: