2021 թվականի անտառների միջազգային օրվա թեման է՝ «Անտառի վերականգնում. վերականգնման և բարեկեցության ուղի», տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը.
«Մարդկության բարեկեցությունն անքակտելիորեն կապված է մեր մոլորակի առողջության հետ: Անտառները վճռորոշ դեր են խաղում:
Անտառները զտում են մեր շնչած օդը և խմած ջուրը, կարգավորում են մեր կլիման՝ կլանելով ամեն տարի արտանետվող համաշխարհային ջերմոցային գազերի մեկ երրորդը:
Անտառները բնակավայր են ապահովում բոլոր հայտնի ցամաքային տեսակների 80 տոկոսին, որոնցից շատերը սպառնալիքի տակ են: Այսօր մոլորակի մոտավորապես 8 միլիոն բույսերի և կենդանիների տեսակների ավելի քան 1 միլիոնն անհետացման վտանգի տակ է:
Մոտ 1,6 միլիարդ մարդ սննդի, կացարանի, էներգիայի, դեղամիջոցների և եկամտի տեսանկյունից ուղղակիորեն կախված է անտառներից:
Անտառի արտադրանքը և մատուցված ծառայությունները խթանում են տնտեսական գործունեությունը: Ստեղծվում են աշխատատեղեր և բարելավում է կյանքը, ինչը հիմք է կայուն զարգացման համար: Աշխարհում անտառներն աշխատանքով են ապահովում 86 մլն մարդու:
Չնայած այն ամենին, ինչ նրանք տրամադրում են, անտառների կորուստները շարունակվում են տագնապալի տեմպերով: Մենք ամեն տարի կորցնում ենք 10 միլիոն հեկտար անտառներ:
Այս տարի սկիզբ է դրվում ՄԱԿ-ի էկոհամակարգերի վերականգնման տասնամյակին (2021-2030), որը կոչ է անում միջոցներ ձեռնարկել անտառների և այլ էկոհամակարգերի դեգրադացիան կանխելու, կասեցնելու և հետ փոխելու համար:
Ճգնաժամերը, որոնց բախվում է մեր մոլորակը, պահանջում են անհապաղ գործողություններ բոլոր կառավարությունների, միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մասնավոր հատվածի, տեղական ինքնակառավարման մարմինների և անհատների կողմից:
Անտառների այս միջազգային օրը եկեք սերմեր տնկենք կայուն ապագայի համար` պարտավորվելով վերականգնել և պահպանել մեր անտառները` ի շահ մարդկանց և մոլորակի»: