Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված բանակցությունների ձախողումից հետո երկրի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն անցնում են աշխատանքի արտակարգ ռեժիմի և սկսում են պատրաստվել հանրահավաքի, որը նախանշված է մայիսի 15-ին Թբիլիսիում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավարներից Զաալ Ուդումաշվիլին՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
«Այսօրվանից, հենց այս պահից, ընդդիմությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի: Դա նշանակում է, որ մենք գնալու ենք յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր գյուղ, այցելելու ենք յուրաքանչյուր ընտանիքի և ևս մեկ անգամ համոզելու ենք բնակչությանը, որ պայքարում միշտ իմաստ կա, քանի որ մեր հետևում ճշմարտությունն է: Այդ ընթացքում հանրահավաքներ կլինեն և՛ Թբիլիսիում, և՛ շրջաններում: Սակայն մայիսի 15-ին եզրափակիչ փուլում կհավաքվենք Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում»,- հայտարարել է Ուդումաշվիլին: