Վարչապետն Արագածոտնում է՝ երկխոսելու քաղաքացու հետ: Համայնքային այցերի առաջին կանգառը Ներքին Բազմաբերդ գյուղն է: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկել են միասին հասկանալու, թե ինչն էր ճիշտ ու ինչը սխալ, ու թե ինչպես պետք է լուծել դժվար հարցերը: Վարչապետն արձագանքում է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որով առաջին նախագահն առաջարկում էր Փաշինյանին տալ անվտանգության երաշխիքներ, որպեսզի նա երկրից հեռանա:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Անփառունակ կարիերայի ընթացքում ինքն է երկու անգամ փախել:
Նույն թեմային Փաշինյանն անդրադարձավ նաև հաջորդ կանգառի ժամանակ:
Նիկոլ Փաշինյան - Մենք մեր ժողովրդից փախնելու անհրաժեշտություն չունենք, որովհետև, եթե նույնիսկ մեր ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես խոնարհ այդ ժողովրդի առաջ գնդակահարության պատի տակ կկանգնեմ, որովհետև, այո՛, մենք ժողովրդի առաջ պատասխան ունենք տալու, և ես ուզում եմ, որ մենք այդ պատասխանը տանք:
Նոր Եդեսիայում մեծ ու փոքր եկել են լսելու, թե ինչպես է Փաշինյանը պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը: Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին խոսելիս վարչապետն ասում է՝ Արցախի բանակցային գործընթացը բերվել էր մի հանգրվանի, որի հեռանկարը Լեռնային Ղարաբաղը, որպես ինքնավար մարզ, Ադրբեջանի կազմում ներառելու բովանդակություն է ունեցել։
Նիկոլ Փաշինյան - Բանակցային գործընթացը հասցրել են այնտեղ, որ Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնեն Ադրբեջանին: Բանակցային գործընթացը մերժվածը հասցրել էր 2018 թվականի ժամանակ: Մեզ մեղադրում են: Մեր դավաճանություն այն ՝, որ մենք մինչև վերջ, մինչև վերջին վայրկյանը կանգնել ենք և շարունակում ենք պայքարել մեր ժողովուրդների իրավունքների համար: Մեզ մեղադրում են հողը հանձնելու և չհանձնելու մեջ: Մեզ մեղադրում են նոյեմբերի 9-ի հայտարարությունն ստորագրելու մեջ, բայց ասում են՝ մենք էլ լինենք իշխանություն, չենք հրաժարվելու այդ հայտարարությունից:
Փաշինյանն ասում է՝ իրեն բոլոր հարցերում կարող են մեղադրել, բացի դավաճանությունից: Ըստ վարչապետի՝ իրական պարտվածները նրանք են, ովքեր մտածում են, թե ինչպես փախչեն Հայաստանից:
Նիկոլ Փաշինյան - Այո՛, ես ստանձնել եմ այդ պարտության պատասխանատվությունը և ես ասում եմ՝ ես եմ թիվ մեկ պատասխանատուն: Ինչո՞ւ եմ էդպես ասում, որ դուք ձեզ պարտված չզգաք, այո՛, ես եմ պարտվել և դուք իրավունք ունեք այդ պարտության համար ենթարկել ցանկացած պատժի, ինչ պատիժ ուզում է: Միայն դուք ձեզ պարտված չզգաք, ժողովուրդ, ասում են՝ ինչի՞ չի փախնում, դրա համար ամեն օր ասում են՝ ամեն օր սպանելու ենք, կոտորելու ենք: Չեք կարողանալու, որովհետև եթե պատժել, ապա այս մարդիկ պետք է որոշեն:
Ուջանում վարչապետը նախ ծաղիկներ է դնում 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին: Փաշինյանն ասում է՝ այն իրավիճակը, որ ունենք, աննախադեպ է: Այս լարված իրավիճակում հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից:
Նիկոլ Փաշինյան - Մենք ներսում բախումներ չենք ունեցել և մեր մեծագույն խնդիրը դա է, որ այս տրամաբանությամբ շարունակենք գործընթացները և գտնենք հավաստի, հուսալի արժանահավատ պատասխաններ՝ ինչ է տեղի ունեցել ու ինչու է տեղի ունեցել:
Մարզային այցի հաջորդ կանգառը Կարպի համայնքն էր: Փաշինյանը խոսեց նաև Շուշիի վերաբերյալ արված հայտարարության մասին: Ազգային ժողովում նա, Շուշիի մասին խոսելիս, քաղաքը դժբախտ ու դժգույն էր անվանել: Իր բնորոշմամբ՝ անհաջող է ձևակերպել միտքը, բայց բովանդակային առումով սխալ չի արել:
Նիկոլ Փաշինյան - Շուշին, նրանց Շուշին, Ղարաբաղում չի եղել, նրանց Շուշին Շվեյցարիայում ու Բադեն-Բադենում է եղել: Եկեք գնանք Իտալիա, Փարիզ, Հունական կզիներ, գնանք Բադեն-Բադեններ և կտեսնենք նրանց՝ ոչ դժգույն Շուշիները, այ այնտեղ են Շուշիները: Նրանք կառուցել են իրենց Շուշիներն աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս հեռու Շուշիից:
Վարչապետի վերջին՝ վեցերորդ կանգառն Օհանավանն էր: Փաշինյանն անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին, օրինակ, բանակը գլխատելուն:
Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է բանակ գլխատել: Ես ասում եմ՝ ոչ մի այսպես ասած սեփական կադր բանակում չեմ նշանակել, ոչ մի: Բանակի ամբողջ կադրային բազան մնաց նույնը, ամբողջը, ինչ նշանակված է եղել Սերժ Սարգսյանի կողմից:
Փաշինյանն ասում է՝ ամբողջ Հանրապետությունով՝ գյուղ առ գյուղ շրջելու է, որ մարդկանց աչքերին նայի: Վարչապետն ուզում է համոզվել, որ ժողովուրդն իրեն թույլ է տալիս Հայաստանում լինել իշխանություն: