Մենք մեզ հետ տեղի ունեցածից պետք է կարողանանք որոշակի հետևություններ անել: Այս մասին Ուջանում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամենակարևոր արձանագրումը, որ ես ուզում եմ անել այսօր, հետևյալն է. նախ՝ պետք է արձանագրենք, թե ինչո՛ւ մեր նահատակներն ընկան, ինչի՛ համար, հանուն ինչի՛: Այդ արձանագրումը հետևյալն է, որ Արցախն այսօր, թեկուզ վիրավոր, բայց կանգուն է:
Այսօր Արցախում բնականոն կյանքը վերականգնվում է, և պետք է արձանագրել, որ դա մեր նահատակների, մեր բանակի շնորհիվ: Հաջորդը, որն ուզում եմ արձանագրել՝ այն իրավիճակը, որ այսօր կա, աննախադեպ է: Շատ կարևոր ձեռքբերում է, որ այս հակադրության մեջ, այս լարված իրավիճակում մեզ հաջողվել է խուսափել ներհայաստանյան քաղաքացիական բախումներից: Սա շատ կարևոր արձանագրում է, քանի որ շատ դժվար է գտնել երկրներ, որոնք էսպիսի կատակլիզմների միջով անցել են և ունեն այսպիսի իրավիճակ, որ կարող են արձանագրել, որ, այնուամենայնիվ, քաղաքացիական բախումներ չեն եղել: Մեր մեծագույն խնդիրն է, որ մենք այս տրամաբանությամբ շարունակենք գործընթացները և, ի վերջո, գտնենք հավաստի, հուսալի պատասխաններ, թե ի՛նչ է տեղի ունեցել և ինչո՛ւ»,- ասաց վարչապետը: