Կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով, առողջապահության նախարարի հրամանի համաձայն, ՀՀ 72 բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության և բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կարողությունների համաճարակաբանական դիտարկում է իրականացվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք բժշկական կազմակերպություններում չեն պահպանվում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման սահմանված անվտանգության կանոնները:
Մասնավորապես՝
-
գրեթե բոլոր բժշկական կազմակերպություններում առկա էին մարդկային կուտակումներ, ԲԿ-ի մուտքերի, վճարման տեղեկատվության տաղավարների, սպասասրահների մոտ միմյանցից առնվազն 1.5 մետր հեռավորություն ապահովող գծանշումները կա՛մ բացակայում էին, կա՛մ ունեին թարմացման կարիք.
-
բուժաշխատողների կողմից պատշաճ կերպով չեն կիրառվում անհատական պաշտպանիչ միջոցները, դրանք կիրառվում են մասնակի միայն դիմակի տեսքով կամ կիրառվում են բազմակի, ինչը չի կարող պաշտպանել բուժաշխատողներին մասնագիտական վարակումից.
-
ընդունարաններում և բաժանմունքներում տարանջատված չեն մաքուր և վարակիչ գոտիները.
-
պացիենտներից հետո օգտագործված ցածր ռիսկայնությամբ գործիքները չեն ախտահանվում 70 C0-ի էթիլ սպիրտով, որոշ բժշկական կազմակերպություններում կիրառվող ախտահանիչները չունեն ԱՆ հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:
Մշտադիտարկում իրականացնող խմբերի կողմից բժշկական կազմակերպություններին տրամադրվել է մեթոդագործնական աջակցություն՝ անվտանգության կանոնների, վարակի հսկողության բաղադրիչների արդյունավետ ներդրման ուղղությամբ: Գերատեսչության և բժշկական կազմակերպությունների վարակի հսկողության պատասխանատուների միջև գործակցությունը շարունակվում է, հետադարձ կապն ապահովված է:
2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ի ԲԿ-ների աշխատակիցների շրջանում արձանագրվել է 5740 դեպք, որից Երևան քաղաքում՝ 3472 (60.5%), մարզերում՝ 2268 (39.5%): Վարակված բուժաշխատողների թիվը կազմում է ՀՀ ընդհանուր վարակվածների թվի 3.2%-ը:
Ըստ համայնքային տարածվածության վերլուծության՝ Երևան քաղաքում (60.5%) և մի շարք մարզերում, հատկապես՝ Սյունիքում՝ (5.5%), Կոտայքում (5.2%), Արարատում (4.7%)՝ ԲԿ-ի աշխատակիցների շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի բացարձակ թիվը համեմատաբար բարձր է:
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բժշկական կազմակերպությունների ղեկավարներին՝ բարձրացնել զգոնությունը կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով ԱՆ 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ: