Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ուջան համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց, որ պատերազմի ժամանակ կանգնել ու մեր ժողովրդի ձգտումները պաշտպանել են մինչև ամենավերջին վայրկյանը:
«Մենք պատերազմը դադարեցրել ենք այն ժամանակ, երբ շարունակելն այլևս իմաստ չուներ: Մենք այլևս հեռանկար չտեսանք, և խնդիր էր դրված մեր 25-30 հազար զինվորների կյանքը բառիս բուն իմաստով փրկել, նրանց շրջափակումից հանել: 5 ամիս շատ-շատ մարդիկ և ամենատարբեր շրջանակներ ինձ կոնկրետ մեղադրում են դավաճանության մեջ:
Շատ կարևոր է մի հարց տալ. իսկ ինչո՞ւմ է արտահայտվել դավաճանությունը, ո՞րն է դավաճանությունը: Մեզ միևնույն ժամանակ մեղադրում են հողերը և՛ հանձնելու, և՛ չհանձնելու մեջ: Մենք կանգնել ենք այնքան ժամանակ, որքան հնարավոր էր կանգնել: Եվ մենք որոշում ենք կայացրել էն ժամանակ, երբ որոշումը պետք էր կայացնել: Հակառակը՝ կլիներ ավելի մեծ աղետ:
Մեզ ասում են՝ էս դավաճանական իշխանությունը պետք է հեռանա: Հարց. իսկ ի՞նչ է լինելու էս պարտության մեջ էդ հեռացումից հետո: Էդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելո՞ւ եք, գցելո՞ւ եք: Ո՛չ: Որովհետև դա կլինի աղետ, հետևաբար, դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- նշեց վարչապետը՝ առաջարկելով բանակցային գործընթացից սկսած պատերազմական բոլոր դրվագներով հանդերձ քննել պարտության պատճառները: