Հինգ ամիս Հայաստանը գտնվում է հետպատերազմյան իրավիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Իշխանությունը և կառավարությունն ագրեսիվ կերպով հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Այդ մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, թե ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետև հետպատերազմյան այս 5 ամիսների ծանր հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են: Եկեք արձանագրենք, որ այս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, և դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել նաև, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա նշեց, որ այս իրավիճակում որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը:
«Իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են` ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր հանձնարարությունների և ձեր չակերտավոր ասած «առաքելության» իրականացումը: Դուք հարց կտաք՝ ինչո՞ւ Հայաստանում կան նման դատավորներ: Շատ արդարացի հարց է: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք` 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, պարտավորություններ ենք ստանձնել, որ պետական կառավարման համակարգում ջարդեր չեն լինելու, վենդետաներ չեն լինելու, յուրաքանչյուրը ունենալու է իր շանսը, և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Գուցե քաղաքական առումով մենք սխալ ենք եղել, բայց բարոյական առումով ճիշտ ենք եղել: Սրա պատճառներից մեկն այն է եղել, որ մեր հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները: Բայց շատերն այդ սահմանը հատել են՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյական առումով:
Այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք ուզում են արյուն, ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներով արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, և այդ մարդիկ ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ: Ինչո՞ւ: Որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցը իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը: 1998-ին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ մերժում են Ղարաբաղի հարցի փուլային և պարտվողական տարբերակը, բայց 20 տարի բանակցել են Ղարաբաղի հարցի փուլային լուծման շուրջ: Այն փաստաթուղթը, որը մերժում էին, բայց բանակցում էին դրա շուրջ, վերնագրված էր՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի և հետագա քայլերի մասին: Վերջին 20 տարվա և մինչև 2018-ի բանակցային գործընթացի էությունը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերականգնման մասին»,- ասաց վարչապետը: