Լուսագյուղցի ֆերմերը պղպեղի առաջին բերքը դեռ շուկա չէր հանել, երբ հայտնաբերեց, որ բույսի ցողուններն ու տերևները հայտնվել են սնկերի ու միջատների թիրախում։ Փորձել էր օրգանիկ բերք ստանալ, բայց վնասատուների պատճառով ստիպված եղավ բույսին քիմիական նյութ ներարկել։
Լյուդվիգ Սահակյան (ֆերմեր) - Չսրսկես՝ չի լինի առանց դրա:
Լուսագյուղցի ֆերմերի ջերմոցում օգտագործվող թունաքիմիկատը սնկասպան է՝ նկատեցին քիմիական անվտանգության հարցերով զբաղվող փորձագետները։ Նրանց մտահոգությունը քլորպիրիֆոս միջատասպան նյութն է, որն այլ ազդող նյութի հետ բացասաբար է անդրադառնում ոչ միայն բույսի, այլև մարդու առողջության վրա։
Քնարիկ Գրիգորյան («Հայ կանայք հանուն հանուն առողջության, առողջ միջավայրի» ՀԿ փորձագետ) - Քլորպիրիֆոսի գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, այսինքն՝ միջատը պարալիզացվում է, մեր օրգանիզմի վրա ևս ազդում է։
Հայաստան ներկրվող թույլատրելի թունաքիմիկատների ցանկում 934 անուն նյութ կա։ Ջերմոցներում և բաց դաշտերում օգտագործում են հիմնականում միջատասպան ու սնկասպան հատկություն ունեցողները։ Ամենաշատը, սակայն, միջատասպան քլորպիրիֆոսն է, որի վտանգների մասին ֆերմերները լսել են, բայց չօգտագործել չեն կարող։
Աշոտ Առաքելյան (ֆերմեր) - Գնում ես թունաքիմիկատ գնելու, էդ պահին մտածում ես բերքդ փրկելու մասին, ստիպված առնում ես։
Լուսագյուղցի ֆերմերներին այցելած փորձագետների համոզմամբ՝ հողագործների մոտ երբեմն նկատվող թունավորման դեպքերը միջատասպան նյութերից է։ Դրանց անզգույշ օգտագործումը ծանր հետևանքների է հանգեցնում։
Քնարիկ Գրիգորյան - Թունավորումների 63 տոկոսը միջատասպան քիմիական նյութերից է, դրանց մեջ 29 տոկոսը քլորպիրիֆոս պարունակող թունաքիմիկատից է։
Բոլոր թունաքիմիկատները, այդ թվում՝ քլորպիրիֆոսը, վտանգավոր են, եթե հայտնվում են մարդու օրգանիզմում, որովհետև դրանք ստեղծված են կենդանի օրգանիզմ սպանելու համար՝ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյան։
Արթուր Նիկոյան (ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ) - Քլորպիրիֆոսի որակական առումով հսկողություն իրականացնում ենք թե՛ ներմուծման, թե՛ իրացման փուլում։ Լաբորատոր փորձաքննություն է իրականացվում, որակն է ստուգվում, նույնն էլ՝ իրացման փուլում։
Քլորպիրիֆոսը արգելված նյութերի ցանկում ներառելու և դրա ներմուծումը արգելելու խնդրանքով «Գյուղի կայուն զարգացում» գյուղատնտեսական հիմնադրամը դիմել է շրջակա միջավայրի նախարարություն։ Իրավական հիմքեր չկան՝ պատասխանել են նախարարությունից։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն - Ռոտերդամի կոնվենցիայով քլորպիրիֆոսը ընդգրկված չէ արգելման կամ խիստ սահմանափակման ենթակա քիմիական նյութերի ցանկում:
Այն ներառված չէ նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն միջոցների ցանկում, որոնց ներմուծումն արգելված է:
Թունաքիմիկատներն արգելվում են Ռոտերդամի կոնվենցիայով, որը չթույլատրվող թույների ցանկ ունի։ Եվ եթե որևէ քիմիական նյութ ներառված է այդ ցանկում, հետևաբար չի ներկրվում կոնվենցիային անդամակցող երկիր։ Իսկ քլորպիրիֆոս նյութն այդ ցանկում ներառված չէ՝ ասաց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
Արտակ Նիկոյան (ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ) - Մենք մեկի դիմումով իրավասու չենք ինչ-որ մի նյութ արգելել։ Ճիշտ է, իրենք ներկայացնում են, որ վտանգավոր է մարդու համար, չենք առարկում, բոլորն են վտանգավոր։ Ինչի՞ են առանձնացնում հենց քլորպիրիֆոսը, տպավորություն է, որ սա վտանգավոր է, մնացածը՝ ոչ։ Բոլորն էլ վտանգավոր են, եթե թույլատրելիության սահմանը գերազանցվի։
Քիմիական անվտանգության հարցերով զբաղվող փորձագետների խումբը, սակայն, շարունակում է պայքարել քլորպիրիֆոս ազդող նյութ պարունակող թույները կիրառությունից հանելու համար։