Տևական դադարից հետո Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ հանդիպումը կանցկացնի հանդիսականների ներկայությամբ:
Առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև առցանց:
«Ցանկանում ենք ևս մեկ անգամ տեղեկացնել, որ տոմսարկղից կամ առցանց ձեռք բերած տոմսերի վրա գեներացված արագ արձագանքման (QR) կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար: Դա նշանակում է, որ այդ կոդով հնարավոր է միայն մեկ անձի մուտքը մարզադաշտ:
Հորդորում ենք խուսափել սոցիալական հարթակներում դրանց հրապարակումից, ինչպես նաև երրորդ անձանց փոխանցելուց՝ հետագա թյուրիմացություններից խուսափելու համար»,- հայտնում են ՀՖՖ-ից:
Նշենք՝ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին, Հայաստան-Ռումինիա խաղը՝ մարտի 31-ին: COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ որոշում է կայացվել, որ երկու հանդիպումներին էլ կարող է ներկա լինել մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու: