Մարտի 20-ին ՀՀ ԱԳՆ-ում անդրանիկ նիստով կայացավ մշակութային դիվանագիտության հանձնաժողովի մեկնարկը:
Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:
Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը և աշխատանքի հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է հնարավորինս բազմազանել և ակտիվացնել միջազգային համագործակցությունը, մասնավորապես մշակույթի ոլորտում: «Մշակույթն այն հարթակն է, որի միջոցով տարբեր երկրների՝ մեծ և փոքր, մերձավոր և հեռավոր ժողովուրդների միջև ստեղծվում է ամենաարդյունավետ կամուրջը, որի վրա ձևավորվում են համագործակցությունը, փոխըմբռնումը և, ի վերջո, բարեկամությունը։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։
Հայկական մշակույթը, հայկական արվեստ դարեր ի վեր ստեղծել և շարունակում են ստեղծել մնայուն արժեքներ։ Մեր մշակույթը մեր արվեստագետների միջոցով ստեղծել է մշակութային գործեր և արվեստի կոթողներ, որոնք հիրավի համարվում են համամարդկային մշակութային ժառանագության գոհարներ և ունեն կարևոր նշանակություն։
Մենք հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում, և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում։ Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշեց ԱԳ նախարարը:
Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանը իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց. «Իրոք, որ շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։ Ահա այդպիսի իրողության առջև ենք մենք բոլորս. երեկ մեր տանը մեր աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ արտաքին գործոց նախարարության այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Ի սրտե ողջունում եմ բոլորիս և վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես և թե՛ բոլորով միասին»:
Ողջունելով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկը՝ Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց. «Մեր մշակույթը, իսկապես, ամենակարևոր զենքն է եղել, և այսօր կարիքը ունի, որպեսզի այդ զենքը մենք գործածենք խաղաղ նպատակներով»:
Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները հանգամանալից անդրադարձան հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, նախաձեռնվելիք միջոցառումներին և հետագա ծրագրերին: