Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ թեթև բեռնատարների համար։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: