Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:
Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին և նրանց ընտանիքներին:
Դիմելով համայնքների բնակիչներին՝ վարչապետը նշել է. «Հասկանալի է, որ գյուղերում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում, և որոնց լուծմամբ մենք պետք է զբաղվենք։ Բայց հասկանալի է, որ այսօր բոլորիս և, համոզված եմ, ձեր ուշադրության կենտրոնում ավելի շատ ուրիշ հարցեր են՝ կապված Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրադրության հետ։ Եվ ուզում եմ ձեզ հետ կիսվել մի քանի մտքերով, որպեսզի նաև մեր հետագա անելիքների մասին կարողանանք որոշումներ կայացնել:
Ըստ էության, կարևոր մի փաստ կա, որը մենք կարծես թե բավարար չափով չենք արձանագրել. հինգ ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան իրավիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ։ Գիտեք, որ իշխանությունը և կառավարությունը շատ ագրեսիվ ձևով հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել, գիտեք, թե ինչպիսի ելույթներ, կոչեր են հնչում։ Եվ գիտեմ, որ շատերը, այս իրադրության հետ կապված, ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ, պահանջներ: Բայց ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել. այն վիճակը, որ այսօր Հայաստանում ունենք՝ աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո, հինգ ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից։
Ըստ էության՝ այո, այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, և նրանք ամեն օրվա, անգամվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են: Բայց ուզում եմ արձանագրենք, որ այս հակադրության ընթացքում հնարավոր է եղել քաղաքացիական բախումներից խուսափել, և սա չափազանց մեծ ձեռքբերում է։ Ուզում եմ նաև արձանագրենք, որ սա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետև ժողովուրդը՝ դուք, թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան։ Սա շատ կարևոր արձանագրում է: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում: Մենք հանգում ենք իրավիճակի, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը։ Իրավապահ մարմինները ձերբակալում են, տանում են կալանավորելու, նրանք ասում են՝ ոչինչ, գնացեք և շարունակեք ձեր հանձնարարությունների և ձեր, այսպես ասած, «առաքելության» իրականացումը։
Ես գիտեմ, որ այս պահին ձեզ մոտ ծագում է հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որը շատ արդարացի և ճիշտ հարց է։ Հասկանում եմ, որ մենք պետք է այս հարցին պատասխանենք: Եվ ի՞նչն է պատճառը, որ նրանք դեռևս կան։ Գիտեք ինչ, ժողովուրդ, մենք մեկ շատ մեծ թերություն և մեկ շատ մեծ առավելություն ունենք։
2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել հեղափոխությունը, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել։ Ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր, վենդետաներ չեն լինելու։ Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրն այս պրոցեսի մեջ ունենալու է իր հնարավորությունը, և սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն, ու հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը։ Քաղաքական առումով սա գուցե հիմա պարզվում է, որ ահավոր մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով մենք չէինք կարող ձեր առաջ պարտավորություն ստանձնել և չկատարել։
Որոշ շրջանակների կողմիցն սա շատ է շահարկվում ՝ սրա պատճառներից մեկը նաև այն է եղել, որ մեր հեղափոխության հիմքում դրված են եղել քրիստոնեական արժեքները, և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա։ Իսկ ի՞նչ կապ ունի այս ամեն ինչը քրիստոնեական արժեքների հետ: Կապ ունի այնքանով, որ քրիստոնեության ամենամեծ առաքյալներից մեկը՝ Պողոս առաքյալը, քրիստոնեությունը և քրիստոնյաներին հետապնդող ամենադաժան պաշտոնյաներից մեկն է եղել։ Եվ մենք հավատացել ենք ու հավատում ենք մարդու փոփոխությանը: Բայց նաև հասկանում ենք, որ դրան կա ժամկետ, կա չափ, կա սահման, և հիմա ակնհայտ է, որ շատ-շատերն այդ սահմանն ուղղակի հատել են՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ իրավական, և սա այն խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է։
Այո՛, այս պայմաններում և ի հեճուկս իմ ասածի՝ այսօր Հայաստանում կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են արյուն: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել Հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով, և այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ։ Ինչո՞ւ ժողովուրդ՝ որովհետև նրանք լավ գիտեն Ղարաբաղի հարցն իշխանության համար պայքարում որպես վճարամիջոց օգտագործելու ձևը։ 1998 թվականին այդ մարդիկ Ղարաբաղի հարցով իշխանության եկան՝ ասելով, որ իրենք միանշանակ մերժում են Ղարաբաղի հարցի կարգավորման, այսպես ասած, փուլային և պարտվողական տարբերակը։ Բայց 20 տարի շարունակ նրանք բանակցել են հարցի կարգավորման փուլային լուծման շուրջ, չեն մոռացել իրենց այդ դիրքորոշումը, և Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային այն փաստաթուղթը՝ հարցի լուծման փուլային տարբերակը, որը իրենք մերժում էին, վերնագրված էր հետևյալ կերպ՝ «Ղարաբաղի հարցի լուծման առաջին փուլի և հետագա քայլերի մասին»։ Նրանք փուլային տարբերակի մերժմամբ եկել են իշխանության, բայց բանակցային գործընթացը հասցրել են մի տեղ, որը վերնագրված էր այդպես: Բայց մի նրբություն էլ կա այստեղ՝ նրանք 20 տարի մերժում էին այդ տարբերակը և մինչև 2018 թվականը բանակցել են դրա շուրջ։ Խորամանկություն էլ են արել, իբր մեծ դիվանագիտական հաջողության էլ են հասել՝ վերնագրերից, տողերից մեկի մեջ գրել են, որ սա փաթեթային լուծում է։
Եվ ինչի՞ մասին է եղել այդ բանակցային գործընթացը. եթե շատ մանրամասն և ընդարձակ ասենք, կարող է պարզվել, որ վերջին 20 տարին և 2018 թվականի դրությամբ բանակցային բովանդակությունը, ըստ էության, եղել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերականգնման մասին։ Այն, ինչ ասում եմ, անհրաժեշտության դեպքում կհիմնավորեմ՝ հասկանալի պատճառով այդ բանակցային գործընթացի նրբությունների մասին չեմ կարող շատ բան բացել, բայց դրա ժամանակն էլ կգա։ Եթե այս փոքր դետալները շարենք իրար կողք, կստացվի դա, որովհետև գիտեք, որ այս հակամարտության ամենասկզբնական փուլում Ադրբեջանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ հասկացությունը լուծարվել է։ Եվ, ըստ էության, բանակցային գործընթացը բերվել է մի հանգրվանի, որի հեռանկարը երբ նայում, դիտարկում ես, հասկանում ես, որ սա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն Ադրբեջանի կազմում վերականգնելու բովանդակություն է։
Ու մեզ մեղադրում են 2 բանում՝ որ պատերազմ է սկսվել, և որ մենք հարցի կարգավորման հնարավորությունը չենք օգտագործել։ Մինչդեռ ի՞նչ էր ասել մերժվածը 2018 թվականի ապրիլին Ազգային ժողովի ամբիոնից։ Ազգային ժողովի ամբիոնից ասել էր հետևյալը՝ որ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները բանակցային գործընթացից անիրատեսական են և անընդունելի մեզ համար։ Սա իմ ասածի շարունակությունն է, որ, ըստ էության, այդ կետից շարունակություն նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերականգնում Ադրբեջանի կազմում։ Եվ շարունակությունը՝ ասում է այլևս այս պահից չպետք է հույս ունենանք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը։ Դա կա, դա ասված է, տեսանյութերը կան, և ինչ որ ասում եմ, ցանկացածդ կարող է ստուգել։ Եվ, հետևաբար, մենք ի՞նչ պետք է անեինք՝ պետք է ընդունեի՞նք Ադրբեջանի անիրատեսական և անընդունելի պայմանները Ղարաբաղի հարցում, պետք է շարունակեի՞նք Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու գործընթացը։ Այն ժամանակ, երբ մերժվածը կանգնում և ասում էր՝ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում, մարդիկ ասում էին՝ ի՞նչ է ասում, ինչի՞ մասին է խոսում: Ինքը գիտեր չէ՞՝ որտեղ է բերել-հասցրել բանակցային գործընթացը, մյուսները չգիտեին, փակ են այդ թղթերը, բայց ինքը գիտեր։ 2018 թվականի մայիսից, ես դեռ մեկ շաբաթ է՝ վարչապետ եմ, իրենք արդեն սկսում են, ասում են՝ եկել է, հողերը հանձնի: Ես դեռ չեմ էլ հասցրել, այդ թղթերն իմ սեղանին չեն էլ հայտնվել, նրանք ասում են՝ եկել է հողերը հանձնի: Ինչո՞ւ՝ գիտեն, չէ՞, իրենք որտեղ են հասցրել բանակցային գործընթացը: Ու հիմա էլ նրանք, այո, ուզում են արյուն, և նրանք չեն ուզում ընտրություն:
Մենք ի՞նչ ենք ասում դեկտեմբերից, ժողովուրդ ջան՝ ասում ենք, ես ինքս ասում եմ՝ ես պատասխանատուն եմ, թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թույլ չեմ տալու, որ դուք լինեք իմ և մեր դատավորը: Իմ և մեր դատավորը պետք է լինի ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է, որ կարող է դատի ձեզ էլ, մեզ էլ: Ու այս ֆոնին զարմանալի բան է տեղի ունենում. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն է անում, ասում է՝ կազմակերպենք, վարչապետը Հայաստանից գնա, ուրիշ երկրում ապաստան գտնի: Չհասկացա, Լևոն Տեր-Պետրոսյանն իր փառահեղ կարիերայի ընթացքում քաղաքական երկու անգամ փախուստի շատ լավ օրինակ է ցույց տվել: Ես նմա՞ն եմ մարդու, որ կարող է փախչել: Եթե իմ ժողովուրդը պետք է որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Որևէ մեկը չմտածի, թե ժողովրդի կայացրած որևէ որոշումից կփախչեմ: Եվ դուք ունեք այդ իրավունքը, ժողովուրդ, դուք ունեք այդ իրավունքը: Ես ասում եմ՝ եթե մեր ժողովուրդը որոշելու է, որ ինձ պատի տակ պետք է գնդակահարել, ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Փախչողները թող մտածեն փախչելու մասին: Ես ժողովրդի տված վստահությունը չեմ անարգի որևէ փախուստով, որևէ տեղից որևէ փախուստով:
Բայց այս ամեն ինչն իրականում էական չէ: Էականն ապագայի մասին խոսակցությունն է՝ թե ինչ ենք մենք անելու սրանից հետո: Ու գիտեք, ժողովուրդ, այս հարցին ի պատասխան, մենք պետք է ուղղակի արձանագրենք այն իրողությունները, որ այսօր կան: Իսկ իրողությունը հետևյալն է՝ մեր ժողովուրդը, մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք: Բայց այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը ո՞րն է՝ հետևյալն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի, և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այնքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այնքան մեզ ընկալում են որպես թշնամի: Նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսն սկսվել է:
Եվ ի՞նչ պետք է արձանագրենք՝ առաջինը, որ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի: Որովհետև սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ ունենք, և ուրիշներն էլ ունեն: Հետևաբար, քանի մեզ են համարում թշնամի՝ մենք ենք համարում թշնամի, քանի մենք ենք համարում թշնամի, մեզ են համարում թշնամի: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ պետք է անենք այս իրողության հետ: Սա հեշտ հարց չէ: Եթե հեշտ հարց լիներ, շատ վաղուց այդ հարցը լուծած կլինեինք: Շատ դժվար հարց է, բայց պետք է այս հարցի հետ առերեսվենք:
Հաջորդը՝ պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Ղարաբաղի հարցը լուծված չէ: Եվ ուզում եմ ասել, որ շատ կլինեն հարցեր, թե լավ, ի վերջո, մեր տղերքն ինչի՞ համար զոհվեցին: Ուզում եմ շատ կոնկրետ պատասխանել այս հարցին: Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ այսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ չմնա: Մենք բոլորս դա գիտենք, չէ՞: Բայց այսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և ուզում եմ ասել՝ մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ: Այո, դառը պատերազմ ենք անցել, բայց էլի ուզում եմ արձանագրել, որ այս, ինչ մենք ունեն, ունենք մեր տղաների շնորհիվ: Եվ ուզում եմ, որ մենք, այո, հպարտ ու դուխով ծափահարենք մեր զինվորներին ու մեր բանակին:
Ի վերջո, ամենակարևորը: Թշնամության հետ կապված երբ ասացի, որ այդ հարցը շատ դժվար է, մենք չպետք է նաև հույս էլ ունենանք, որ այդ հարցն արագ, որևէ ձևով կլուծենք: Բայց մենք պետք է առաջ գնանք, և այդ առաջ գնալու ձևն այն է, ինչ այսօր գտնվում է քննարկումների փուլում: Դա մեր տարածաշրջանային կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է: Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է: Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների հարցը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավելևս այս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Եվ, իհարկե, այս քննարկումներում շատ են լինելու շահարկումներ:
Բայց, ի վերջո, իմ ասած դարավոր հարցի լուծումը՝ ոչ թե լուծումը, այլ գոնե որևէ քայլ այդ ուղղությամբ պետք է լինի այդ կոմունիկացիաների բացումը: Որովհետև դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև մենք պետք է հուսալի երկաթուղային կոմունիկացիոն և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունն էականորեն կարող է փոխվել: Շատ է նշվում այն մասին, որ այ տեսեք, Ադրբեջանը նավթ ուներ և նավթային ռեսուրսներն ինչ մեծ առավելություն տվեցին նրան: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որի մասին մասնագետները սկսել են խոսել: 21-րդ դարի նավթը դառնում է պղինձը, ժողովուրդ: Ինչո՞ւ էր 21-րդ դարի նավթը հենց նավթը, այսպես ասած: Որովհետև մեքենաները, ինքնաթիռները գործում են ներքին այրման շարժիչով, որոնք օգտագործում են նավթամթերք: Գիտեք, որ աշխարհում սկսել է գործընթաց, որ էլեկտրական շարժիչով մեքենաները սկսել են դառնալ հիմնական, և ներքին այրման շարժիչով մեքենաները, նույնիսկ ինքնաթիռները ժամանակի ընթացքում դուրս են մղվելու շուկայից: Էլեկտրական շարժիչով մեքենաների շարժիչների ներսում ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է, իսկ Հայաստանն ունի պղնձի հսկայական պաշարներ: Եվ եթե մեզ հաջողվի բացել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ուղիները, այդ դեպքում մենք կկարողանանք պղինձը ոչ թե հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ, սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել: Այս մեկ՝ ամենապարզ օրինակը ձեզ համար նշեցի:
Բայց նաև սրա համար պետք է, որ մենք՝ որպես պետություն, կարողանանք ընդերքի նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքն առավելագույնս պաշտպանել: Որովհետև ինչքան էլ այսօր այդ ընդերքը, այդ պղինձը, այդ հանքաքարն օգտագործվում է կոնկրետ ընկերությունների և անհատների կողմից, այնուամենայնիվ, դա ժողովրդի սեփականությունն է, պետության սեփականությունն է: Մենք պետք է անպայման միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ժողովուրդը, պետությունն իր հասանելի, արդարացի բաժինն այս ամեն ինչից ստանա: Որպեսզի դա ծառայի ոչ թե առանձին անհատների բարեկեցությանը, այլ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության բարեկեցությանը:
Այո, մենք պետք է շատ աշխատենք, բայց էլի, վերադառնալով քրիստոնեության արժեքներին, Նոր Կտակարանում մի այսպիսի շատ հայտնի ասացվածք կա, երբ ասում է՝ տվեք Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին: Կայսրը տվյալ դեպքում մեր պետությունն է, և մենք պետք է աշխատենք և տանք Աստծունը Աստծուն: Դա այն է, երբ մենք Աստծո տված մեր երեխաներին, մեր ընտանիքը պետք է կարողանանք պահել և բարեկեցություն ստեղծել, իսկ կայսրինը կայսրին՝ պետք է կարողանանք մեր աշխատածից, մեր ընդհանուր տանք, այսինքն՝ պետությանը բաժին հանել: Հարկեր վճարելը պետք է լինի մեզնից յուրաքանչյուրի ոչ միայն պարտականությունը, այլ պետք է դա հաճույքով անենք՝ հասկանալով, որ դա մեր ընդհանուր բարեկեցության համար է:
Այսօր մարդիկ հավաքվում են, վանկարկում՝ Նիկոլ դավաճան, Նիկոլ դավաճան: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե մեր դավաճանությունն ինչի մեջ է: Որ մենք չենք թալանել, եվրոպաներում, ամերիկաներում տներ, անշարժ գույքեր չենք առել, որ մենք միլիոններ չենք կուտակել մեր շվեյցարական բանկերի հաշվեհամարներին, որ դղյակներ չենք սարքել: Բա 20 տարի այդ ալան-թալանի հետ կապված, որ ժողովուրդը խոսում էր, աչքով էին տալիս, ասում էին՝ բանակ ենք պահում, առաջնագիծ ենք պահում, հետո 2016 թվականին պարզվեց, որ 80-ականների զենքերով ենք կռվում: Հետո այսօր էլ մեզ ասում են՝ այս 2 տարվա ընթացքում այս չեք արել, այն չեք արել ու այդպես շարունակ: 2018 թվականին բանակում, նույնիսկ հազար ներողություն, զինվորի մայկա-վարտիքի հարցը լուծված չի եղել, զինվորի ուտելիքի հարցը լուծված չի եղել: Այո, ճիշտ եք ասում, և մեղավոր ենք դրա համար, որ 2 տարվա ընթացքում չենք լուծել այն հարցերը, որ դուք 20 տարվա ընթացքում չեք լուծել: Այո, մեղավոր ենք, և ժողովուրդը թող մեզ այս մեղքի համար պատժի այնպես, ինչպես ճիշտ է համարում, այնպես, ինչպես ինքն ուզում է:
Ժողովուրդ, մենք հայտարարել ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Եվ ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ձեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ձեզ: Նրանք ուզում են, որ ձեզնից ստացած իշխանությունը հանձնենք իրենց: Մենք չենք անի երբեք, որովհետև դրանով դավաճանած կլինենք մեզ: Որովհետև նրանք ուզում են այն վիճակը վերականգնեն, երբ մարդկանց բռնի ուժերով քշում էին ընտրական տեղամասեր: Մենք թույլ չենք տալու դա: Մենք ժողովրդի իշխանությունը պաշտպանելու ենք մինչև վերջ:
Մեզ թող խորհուրդ չտան Հայաստանից փախչել՝ նրանք, ովքեր երկու անգամ ամենավճռական պահին փախել են: Մենք փախչող չենք: Մենք կանգնող ենք մինչև վերջ: Եվ մենք կանգնել ենք մինչև վերջ: Ու մենք կանգնելու ենք մինչև վերջ: Մինչև վերջն այն է, որ ժողովուրդը կայացնի իր արդար որոշումը: Ժողովուրդը կորոշի, որ մեզ պետք է գնդակահարի, ասում եմ՝ ես խոնարհ կանգնելու եմ այդ գնդակահարության պատի տակ: Ժողովուրդը կորոշի, որ մենք պիտի Հայաստանում շարունակենք լինել կառավարություն, մենք կշարունակենք լինել կառավարություն:
Իմիջիայլոց, ժողովուրդ, դա էլ եմ ուզում ասել: Այսօր, օրինակ, որ պիտի գայի այստեղ հանդիպման - այս ձևաչափով, մտածում էի, որ պետք է ժողովրդի հետ խոսենք մեր սխալների մասին: Ու ինքս ինձ հարց եմ տալիս, ասում եմ, լավ, բայց հետ նայենք էլի՝ ինչի՞ ենք այդ սխալները գործել: Սխալը սխալ է, դատավորը՝ ժողովուրդը, բայց, լավ բացատրություն պետք է ունենա՝ մենք այդ սխալներն ինչի՞ ենք գործել: Հետ գնացի 2018 թվական ու վերադարձա: Եվ մի հետաքրքիր բան արձանագրեցի. 2018 թվականից հետո՝ հեղափոխությունից գործնականում անմիջապես հետո, մենք անընդհատ բախվում ենք նախկին համակարգի բունտերի հետ: Եկեք հիշողություններս թարմացնենք. սկզբից Ազգային ժողովի խորհրդարանական մեծամասնության բունտն էր, հիշում եք հոկտեմբերի 2-ը: Խորհրդարանական մեծամասնության հարցը լուծեցինք, հետո եկավ, այսպես ասած, Սահմանադրական դատարանի բունտը: Դրանից հետո եկավ դատական համակարգի բունտը: Դրանից հետո եկավ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի բունտը, ու այդպես մինչև այսօր այդ բունտերը շարունակվում են: Ըստ էության՝ այսօրվա դրությամբ, Հայաստանի, այսպես ասած, պսեվդոէլիտայից չկա մի սուբյեկտ, որ մեր դեմ բունտ չի արել:
Բայց այստեղ հարց է ծագում՝ այ կառավարություն, այ վարչապետ, եթե բոլորը այսպես հերթով բունտ են անում, ուրեմն քո մեջ է պրոբլեմը: Բայց ես բացատրեմ՝ իրոք, իմ մեջ է և մեր մեջ է պրոբլեմը: Ի՞նչն է պրոբլեմը: Որովհետև 2018 թվականից հետո մեզ մի բան են ասում՝ ասում են, լավ, դե հասկացանք, եկել եք կառավարություն եք դարձել, եկեք բան անենք, բան լինի: Լավ, ի՞նչ եք այդքան ընկել բաների հետևից: Բան անենք, բան լինի: Պարզ է, չէ՞: Լավ, իրենց ասենք՝ բան անենք, բան լինի: Իսկ ժողովրդին ի՞նչ ասենք: Եվ սա է պատճառը, ժողովուրդ: Եվ մի բան ասեմ՝ ձեզ չի՞ զարմացնում, որ ես այսքանից հետո ձեր առաջ կանգնած եմ դեռևս որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ: Ի՞նչն է պատճառը՝ դուք, միայն դուք: Եվ ես, որ մինչև հիմա ամենատարբեր պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, վարչապետի կաբինետից և կարգավիճակից չեմ փախչել, էլի պատճառը մենակ դուք եք, որովհետև ես չեմ կարող մեր այդ ուխտը դրժել:
Իսկ ուխտը սրա մեջ է՝ որ իշխանությունը ձեզ է պատկանում և ձեզնից ստացած իշխանության ճակատագիրը միայն ու միայն դուք պիտի որոշեք: Ես չեմ չափազանցնում: Այո, դուք պիտի որոշեք: Եվ ոչ միայն ես պիտի խոնարհ լինեմ ձեր որոշմանը, բոլորը պիտի խոնարհ լինեն ձեր որոշմանը: Մենք բոլոր բունտերի միջով անցել ենք, ժողովուրդ: Իրար հետ ենք անցել: Դուք չլինեիք, մենք այստեղ նույնիսկ կենդանի չէինք լինի: Ես հասկանում եմ, որ սրանից հետո էլ արդարացում չեմ ունենալու: Գիտեմ, չեմ ունենալու: Բայց ժողովուրդն իր վճռական խոսքը պետք է խորհրդարանական ընտրություններին ասի: Ասեց խոսքը ժողովուրդը, մենք այս նշած օրակարգը հերթով, կարգով, սարքով պիտի լուծենք: Որովհետև ես գիտեմ, ես իրենց զգուշացրել եմ այս ընթացքում, ասել եմ՝ մենք չլուծենք, ժողովուրդն անձամբ է լուծելու, մարդիկ անձամբ են լուծելու: Եկեք չհասցնենք դրան:
Ժողովուրդ ջան, իրականում էլի բան կար ասելու, բայց չեմ ուզում շատ երկար լինի խոսքս: Շնորհակալ եմ, որ մեր վիզուալ կոնտակտը տեղի ունեցավ և ուզում եմ ասել հետևյալը՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Կրկին ներողություն եմ խնդրում ձեզ պատճառված բոլոր հիասթափությունների համար: Ես գիտեմ, որ չենք կարողացել կյանքի կոչել ձեր բոլոր ակնկալիքները, և պատրաստ եմ ես անձամբ խոնարհաբար կրելու դրա համար ցանկացած պատիժ, որ դուք կորոշեք: Բայց ես պատրաստ եմ կրելու նաև ուրիշ պատիժ՝ եթե դուք կորոշեք, որ մենք մեր առաքելությունը շարունակելու ենք, այդ պատիժն էլ կկրենք:
Գիտեք, մի բան էլ պետք է ասեմ, ժողովուրդ: Վերջերս այս կազմով՝ ներկաներից մի մասով նստած (նստած էին մեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները) խոսում ենք, քննարկում, և այսպիսի մի եզրակացության եկա, ես ասում եմ՝ լսեք, ընդհանրապես 2018 թվականից առաջ կար ընկալում, որ իշխանությունը վայելք է: Բայց մենք 3 տարի Հայաստանում իշխանություն ենք: Ի՞նչ են տեսել մեր ընտանիքները այդ իշխանությունից՝ տառապանք, անարգանք, լաց, սթրեսներ: Իշխանությունը մեզ համար իրականում դժոխք է եղել, ժողովուրդ: Այդ որ գրում են՝ կղզիներ առան, սա առան: Չգիտեմ, որտեղի՞ց են գրել՝ Աննա Հակոբյանը Կանադայում տուն է առել, ինչ-որ հասցե էլ են գրել: Բայց ես ուրիշ բան եմ ասում, 10 մլն հայ կա, չէ՞, աշխարհում: Մտածեք՝ այդ 10 մլն հայի մեջ քանի՞ Աննա Հակոբյան կլինի: Կպարզենք՝ դա իրակա՞ն է, թե՞ իրական չէ: Եթե նույնիսկ իրական է, ամենապոպուլյար կանացի անուններից և ազգանուններից մեկն է: Եթե ասեին Նիկոլ Փաշինյանի անունով Կանադայում տուն կա, կասեի ինքն է, չի կարող ուրիշ մարդ լինել: Այսինքն՝ այս կարգի մանիպուլյացիաներով ի՞նչ են ուզում, ուզում են ասել, որ մենք ձեզ դավաճանել ենք: Մենք սխալ ենք արել, շատ բաներ վատ ենք արել, շատ բացթողումներ ենք արել: Մի բան կա միայն, որ մեզ չեն կարող դրա մեջ մեղադրել: Դա դավաճանությունն է: Ուրիշ ինչի մեջ ասես թող մեզ մեղադրեն, բայց դավաճանության մեջ մեզ չեն կարող մեղադրել: Ու սա է պատճառը, ու ժողովուրդը սա գիտի, հակառակ դեպքում մենք այսօր այստեղ ձեր առաջ կանգնած չէինք լինի: Եվ շնորհակալ եմ ձեզ նրա համար, որ մեզ թույլ եք տալիս, որ ձեր առաջ կանգնենք: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, սիրում եմ բոլորիդ ու հպարտ եմ բոլորովդ: Դուխով, ժողովուրդ ջան»:
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի