Արդեն գրեթե 300 տարի «Մագնիֆիկատը» հնչում է աշխարհում՝ նախ եկեղեցիներում և տաճարներում, ապա նաև համերգասրահներում՝ վերստին ապացուցելով Բախի երաժշտության աստվածային էությունը: Հայաստանում «Մագնիֆիկատը» տարիներ շարունակ չի կատարվել և, տևական դադարից հետո, այն կրկին կհնչի հուլյան տոմարով Բախի ծննդյան օրը՝ մարտի 21-ին:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը և ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչանոն միավորել են ստեղծագործական ներուժը՝ Բախին արժանի հնչողություն ստանալու համար: «Մագնիֆիկատի» 12 համարներից յուրաքանչյուրը զարգացնում է ներքին հզոր դինամիկան, որում, ըստ դիրիժորի, խտացել է Բախի հանճարեղ էությունը:
Ջանլուկա Մարչանո, դիրիժոր, Իտալիա - Դուք կարող եք այստեղ գտնել Բախի էությունը, մեծ արտիստիզմն ու վարպետությունը, ինչպես նաև հարմոնիայի շատ նրբագեղ օգտագործումը: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Բախն օգտագործում ձայները շատ բարդ պարտիտուրներում: Երգչախումբն այս պատմության բուն էությունն է: Գիտեք, սա նման է ծանր ռոքին՝ ուժեղ արտահայտչականություն և փառահեղ ձայներ:
Ջանլուկա Մարչանոն այս գործը ներկայացնելու մեծ փորձառություն ունի, վերջին անգամ այն կատարել է Էստոնիայի երգչախմբի հետ, երբ Բախի գլուծգործոցը հնչում էր օրիգինալ բարոկկո գործիքներով: Դիրիժորը փաստում է՝ հայ երաժիշտները նույնպես արժանի են այդ գործիքներով աշխատելու և հույս հայտնում, որ գուցե մի օր Հայաստանի մշակույթի պատասխանատուները կգնեն դրանք: Հայ երաժշիտների հետ աշխատում են կատարյալ փոխըմբռնման մթնոլորտում՝ փաստում է Մարչանոն:
Ջանլուկա Մարչանո - Մեծ հաճույքով եմ աշխատում երգչախմբի և նվագախմբի հետ: Որևէ դժվարություն չկար նրաց միավորելու և ներդաշնակություն ստանալու հարցում, որովհետև մենք բոլորս երաժշտություն ենք ստեղծում և փորձում ենք անել առավելագույնը, որ կարող ենք:
Հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար գրված այս հզոր ստեղծագործությունը միավորում է Վերածննդի դարաշրջանի ու նոր երաժշտական ավանդույթները՝ ի վերջո դրանք հասցնելով կատարելության: Եվ ինչպես նշում է Ջանլուկա Մարչանոն՝ Աստված ինքն է թելադրել այս նոտաները Բախին: