Դեռևս 2020 թվականի հոկտեմբեր ամսին Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամի ցուցասրահները լցված էին Փելեշյանական շնչով։ Արժևորելով Վարպետի հանճարը՝ Կարտիեն ֆրանսիացի արվեստասերին ներկայացրեց Արտավազդ Փելեշյանին նվիրված «Բնություն» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը և Փելեշյանի 28 տարվա աշխատանքը՝ «Բնություն» ֆիլմը, ֆիլմ, որն անցել էր սպասումի մի հավերժություն, այսօր ևս սպասում է մեծ էկրան բարձրանալուն: Կարտիեից վստահեցնում են՝ այն մեծ էկրան կբարձրանա Ֆրանսիայում թանգարանները բացվելուն պես: Մինչ «Բնություն» ֆիլմը լուռ է իր հեղինակի պես, Կարտիեն չի դադարում խոսել և ներկայացնել Արտավազդ Փելեշյանին: Օրեր առաջ Կարտիե ժամանակակից արվեստի հիմնադրամը Փելեշյանական կինոյի սիրահարներին հրավիրեց Փելեշյանին նվիրված համացանցային էջ, ուր տեղ են գտել վարպետի աշխատանքները և Փելեշյանի բացառիկ հարցազրույցները:
Կայքը Կարտիեի հերթական սիրո խոստովանությունն է Փելեշյանական կինոյին, կայքէջը անգլերեն և ֆրանսերեն լեզվով է, տեսանյութերն ունեն հայերեն ենթագրեր: Կայքէջը ստեղծելիս կապի մեջ ենք եղել պարոն Փելեշյանի և իր տիկնոջ՝ Աիդա Գալստյանի հետ: Մենք 4 ամիս պեղել ենք Փելեշյանի կենսագրությունը, անգամ կապ ենք հաստատել աշխարհահռչակ Ռոտերդամի կինոփառատոնի հետ, որին Փելեշյանը մասնակցել էր Փարաջանովի հետ, և նրանք մեզ տրամադրեցին շատ կարևոր և բացառիկ արխիվային նյութեր, որոնք տեղ են գտել այս կայքում:
«Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ» խորագիրը կրող կայքը յուրահատուկ ճամփորդություն է՝ լի Փելեշյանի արվեստի մասին քննարկումներով, ֆիլմերի հատվածներով, բացառիկ արխիվային լուսանկարներով, Փելեշյանին տրված դիպլոմներով: Բացառիկ հարցազրույցների շարքում արժեքավոր է Փելեշյանի տիկնոջ՝ Աիդայի հարցազրույցը: Նա առաջին անգամ բացահայտում է Փելեշյանի՝ ՎԳԻԿ-ում ստացած եզակի դիպլոմի մասին և այլ հետաքրքիր մանրամասնություններ։
Լիլիթ Սոխակյան (Արտավազդ Փելեշյանի Փարիզյան ծրագրերի համակարգող, արվեստաբան) - Առաջին անգամ նման խորությամբ ուսումնասիրվում է Արտավազդ Փելեշյանի կինոարվեստը, տարիների ընթացքում իր մասին տպագրված հոդվածները, գրքերը, բայց նաև, կարծում եմ, որ ամենակարևոր կետերից մեկն այն է, որ Կարտիե հիմնադրամը կոչ արեց մի շարք արվեստագետների՝ ֆրանսիացի, ամերիկացի, մասնակցել այս կայքէջի հարստացմանը և հարցազրույցներ անել, թե ինչքան կարևոր է Արտավազդ Փելեշյանի արվեստը համաշխարհային կինոյի մեջ: Մասնակցեց Գիերմո Կուիտկան, Մելիք Օհանյանը, Սարահ Սզեն, մի շարք արվեստագետներ, ովքեր խոսեցին Փելեշյանի պատկերների օգտագործման, ձայնի, երաժշտության կարևորության և, իհարկե, դիստանցիոն մոնտաժի դերի մասին, թե ինչքան մեծ է Արտավազդ Փելեշյանի ներդրումը և նորությունները, որ նա բերեց կինոյի մեջ:
«Սիրելի Արտավազդ» հատվածում համաշխարհային կինոյի ներկայացուցիչները սիրո խոստովանություններ են անում ու հիացմունք հայտնում Արտավազդ Փելեշյանի արվեստի նկատմամբ:
Կայքում Փելեշյանի սիրահարները նաև բացառիկ հնարավորություն ունեն տեսնել Արտավազդ Փելեշյանին: Նա համաձայնել էր նկարահանվել կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի տեսախցիկի առջև, այժմ այդ բացառիկ կադրերը տեղ են գտել Կարտիե հիմնադրամի կայքէջում: