Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի Նոր Եդեսիա համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց Արցախյան պատերազմում հայկական կողմի տված զոհերի՝ այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատված թիվը:
Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ պաշտոնապես հաստատված ունենք 3250 զոհ, այսինքն՝ «մահվան վկայականներով արձանագրված է»:
«Մենք այսօրվա դրությամբ ունենք 189 ծնող, ընտանիք, ովքեր ԴՆԹ նմուշ են հանձնել և սպասում են պատասխանի: Եվ, այո՛, մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, բայց այդ ցուցակը պետք է ճշգրտվի, որովհետև անհետ կորածների ցուցակներից վերջին ամիսներին 10 մարդ հայտնաբերվել են ամենատարբեր հանգամանքներում, նույնիսկ «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանից մեկնելու փորձի ժամանակ: Նկատի ունեմ՝ մենք շատ մեծ թվով զոհեր ենք ունեցել, պետք չէ քաղաքական շահարկման նպատակով այդ զոհերի թիվը կրկնապատկել, եռապատկել, քառապատկել»,- ասաց Փաշինյանը:
«Եթե ինչ-որ նոր հանգամանք չբացվի, ինչը շատ քիչ հավանական է, որ կբացվի, մեր զոհերի թիվը 4000-ից չի անցնի: Սա էլ շատ մեծ թիվ է, բայց էլ ինչի՞ համար են զոհվել մեր տղաները, սա շատ կարևոր հարց է, որին պետք է պատասխանենք՝ զոհվել են, որ Արցախն այսօր լինի: Որովհետև երբ Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, դա այն նախնական սցենարն է, որով պետք է Ղարաբաղի հարցը լուծվեր՝ Ղարաբաղում հայ չպետք է մնար: Բայց այսօր Արցախը վիրավոր, բայց կանգուն է: Արցախը վիրավոր և կանգուն է, որովհետև դուք բոլորդ կրել եք այդ զրկանքները հանուն Արցախի»,- ասաց վարչապետը: