Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ ժամով, ննջե՛ք:
Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ օրով, գնացե՛ք ձկնորսության:
Եթե ձեզ պետք է երջանկություն մեկ տարով, ժառանգություն ստացե՛ք:
Եթե ձեզ պետք է երջանկություն ամբողջ կյանքի համար,
օգնե՛ք, որ ուրիշները գտնեն իրենց երջանկությունը:
Չինական հայտնի ասացվածքը լավագույնս օգնում է գտնել դեպի երջանկություն տանող ճանապարհը: Որպեսզի ամբողջ աշխարհում ընկալվի մարդկանց երջանկության կարևորությունը, 2012-ի մարտի 20-ին ՄԱԿ-ը որոշեց օրը հռչակել Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։
Երջանկությունը նպատակ չէ, այն արդյունքն է ճիշտ ու լավ ապրած կյանքի:
Էլեոնորա Ռուզվելտ
Մարտի 20-ը պատահական չի ընտրված։ Այն գարնանային գիշերահավասարի օրն է, երբ օրն ու գիշերը գրեթե հավասար են։ Նոր տոնը սահմանողները դրանով ընդգծել են, որ մոլորակի բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն երջանիկ լինելու համար։
«Երջանկությունը ամենապարզ բանն է. բայց որքա՜ն շատ են մարդիկ այսօր, որ ամեն ջանք գործադրում են՝ այն հարկադիր աշխատանքի վերածելու համար»։
Ֆրանսուա Թրյուֆո
Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։ Երջանկության միջազգային օրը հիմնադրված է ՄԱԿ-ի խորհրդական Ճեյմի Իլլիընի առաջարկով՝ 2012 թվականի հունիսի 28-ին։ Այն հաստատվել է, երբ ՄԱԿ-ի անդամ 193 պետություների ներկայացուցիչները միաձայն ընդունեցին 66/281 բանաձևով որոշումը։
Երջանկության միջազգային օրվա բազմամյա արշավը հաստատվել է 2011 թվականին` «Illien Global Public Benefit Corporation»ի կողմից։ ՄԱԿ-ը անդամ երկրներին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակություններին առաջարկում է տոնը նշել կրթական, քարոզչական և նման այլ ծրագրերով, ինչպես նաև այլ լուսավորչական միջոցառումներ կազմակերպելով։
Երջանկության փուչիկներ «Նոր տնտեսագիտական հիմնադրամի» վերլուծության տվյալներով՝ աշխարհի 140 երջանիկ երկրների ցուցակում Հայաստանը զբաղեցնում է 73-րդ տեղը։
Իսկ ի՞նչ է երջանկությունը։
Բազմաթիվ սահմանումներ ու աֆորիզմներ կարելի է գտնել երջանկության մասին, բայց ոչ ոք հստակ չգիտի այս հարցի պատասխանը, յուրաքանչյուրն այն ընկալում է յուրովի։ Ոմանց համար կարևոր է ընտանիքը, ոմանց համար՝ առողջությունն ու հարմարավետ կյանքը, մյուսների համար` անկախությունը, իսկ ոմանք երջանիկ են, երբ խաղաղ է։ Ոմանք ձգտում են հաջողակ կարիերա ստեղծել, առաջին հերթին` ուրիշներին իշխելու, կառավարելու համար: Ոմանց համար էլ երջանկությունը փոքր ուրախությունների` առավոտյան արև տեսնելու և նրա ճառագայթներից ջերմանալու, երաժշտություն լսելու կամ սիրահարվելու մեջ է։
Իմաստունները երկար ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրահանգման, որ բոլոր պահանջների բավարարումը միայն երջանիկ կյանքի իմիտացիա է և չի կարող իրական երջանկություն պարգևել։ Նրանք կարծում են, որ երջանկության միակ հավանական ձևն ինքդ քեզ հետ խաղաղ լինելն է, քանի որ երջանկությունը ներքին հանգստությունն է։ Երջանկություն է, երբ վախի և հոգսերի փոխարեն մարդու կյանքը լցված է յուրաքանչյուր ապրած վայրկյանի կարևոր լինելու, շրջակա աշխարհի գեղեցկության գիտակցմամբ, որոնք արտացոլվում են նրա հոգում։