Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է: Համայնքային այցերի շրջանակում նա հանդիպում-քննարկումներ է անցկացնում մարզի բնակիչների հետ:
Կառավարության ղեկավարն այցելել է Նոր Եդեսիա համայնք, զրուցել քաղաքացիների հետ: Փաշինյանն ասել է, որ դաժան պատերազմից հետո երկիրը գտնվում է ծանր հանգրվանում, և շատ կարևոր է, որ կոնկրետ հարցերի պատասխաններ տրվեն:
«Այս ծանր ճգնաժամը լավ առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի մասին՝ ի՞նչ ենք արել 30 տարվա ընթացքում: 30 տարվա մեր անկախ պետության առանձնահատկությունն այն է եղել, որ ժողովուրդը և նրա իրավունքն օտարված են եղել, և այդ իրավունքն օտարվել է ԼՂ հարցի շահարկումով և խաղարկումով:
Շատ կարևոր է, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածում ենք ջանքեր գործադրել, որ հզոր բանակ ունենանք, կամ որ հատվածում է, որ ջանք չենք գործադրել, և այդ ջանքերն այլ խնդիրների լուծմանն են ուղղված եղել: Այդ նույն մարդիկ հիմա փորձում են այդ նույն պատմությունը կրկնել, և ես եկել եմ ասելու, որ դա անել թույլ չենք տալու»,- ասաց վարչապետը:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ուջանի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված տղաների: