Առաջ գնալու կարևոր նախապայմաններից մեկը կոմունիկացիաների և ճանապարհների բացումն է: Այդ մասին Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացումը փոխշահավետ թեմա է: Եթե որևէ մեկը կասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք, եթե ասեն, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք, դա ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
Այս քննարկումներում շատ են լինելու շահարկումներ, բայց լուծումը կոմունիկացիաների բացումն է լինելու, դա ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է կապ ունենա Նախիջևանի հետ, Հայաստանին, որովհետև մենք ապահով ցամաքային և երկաթուղային կապ կունենանք Ռուսաստանի և Իրանի հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսության վիճակը կարող է էականորեն փոխվել:
Եթե մեզ հաջողվի բացել ՀՀ երկաթուղային ուղիները, մենք կկարողանանք պղինձը ոչ թե հանքաքարի ձևով արտահանել, այլ կստեղծենք պղնձաձուլարաններ՝ ապահովելու հետագա մշակման շղթան: Բայց դրա համար պետք է մենք՝ որպես պետություն, ընդերքի նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը պաշտպանենք, որ ընդերքը ծառայի ոչ թե առանձին անհատների, այլ ՀՀ ժողովրդի բարեկեցությանը»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը: