Վարչապետը Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում հանդիպումն սկսել է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Վահե Վարդանյանի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Վարչապետի խոսքով՝ հիմա «շատ բարդ հանգրվանում ենք գտնվում այս ծանր պատերազմից հետո, և իսկապես շատ կարևոր է, որ մենք ունենանք կոնկրետ հարցերի պատասխաններ»:
«Թերևս այս ծանր ճգնաժամը լավ առիթ է, որ մենք՝ որպես պետություն, մեր անցած ճանապարհի մասին մտածենք, և այդ ճանապարհի ամենամեծ առանձնահատկություններից մեկը եղել է այն, որ ժողովուրդը և նրա իրավունքը եղել են օտարված: Եվ այդ ժողովրդի իրավունքը շատ հաճախ օտարվել է հենց Ղարաբաղի հարցի շահարկումով և Ղարաբաղի հարցի խաղարկումով: Շատ կարևոր է հասկանալ, թե մենք 30 տարվա ո՛ր հատվածներում է, որ անմնացորդ ջանքեր ենք գործադրել, որպեսզի ունենանք հզոր բանակ, և ո՛ր հատվածներում է, որ այդ ջանքերը կա՛մ չեն գործադրվել, կա՛մ այդ ջանքերն իրականում ուղղված են եղել բոլորովին ուրիշ խնդիրներ լուծելուն:
Եվ այսօր իրավիճակն այնպիսին է, որ այն ուժերը, որ Ղարաբաղի հարցի շահարկումով ժողովրդին օտարել են իշխանությունից, այդ նույն մարդիկ ուզում են այդ նույն պատմությունը կրկնել: Եվ ես այսօր եկել եմ ձեզ ասելու, որ մենք դա թույլ չենք տալու պարզապես: Այսօր՝ այդ ծանր պատերազմից հետո, դեկտեմբեր ամսից ասում ենք՝ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը որոշի՝ ով լինի իշխանություն և ով՝ չլինի: Նրանք ասում են՝ չէ՛, համաձայն չենք, որ ժողովուրդը որոշի: Նրանք ուզում են այնպես անել, որ ինչպես նախկինում՝ ժողովրդին շարքով քշել են դեպի ընտրական տեղամասեր, ուզում են այդ իրավիճակը վերականգնել»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, սակայն, «ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի իրավունքը մեզ համար կարմիր գիծ է»: