Վեհափառի օրհնությամբ ու Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ծառայության աջակցությամբ այսօր ընթերցողին է ներկայացվել «Բագարանի Շուշանավանքը» պատմա-հետազոտական գիրքը: Նախաձեռնությունը՝ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանինն է: Նրան բախտ է վիճակվել Արմավիրում այցելել հայ-թուրքական սահմանից ընդամենը 2 մետր հեռավորության վրա գտնվող Շուշանավանք:
Այն Հայաստանի պատմական մայրաքաղաքներից Բագարանի 5 եկեղեցիներից մեկն է, քիչ հանդիպող՝ վեցախորան կոթող: Ի դեպ, թուրքական կողմից եկեղեցու վրա կան բազմաթիվ փամփուշտների ու արկերի հետքեր: Հուշարձանն այնքան է հիացրել Կարապետյանին, որ մասնագետների խումբ է ձևավորել ու առաջին անգամ տվել մի շարք հարցերի պատասխան. ո՞ւմ պատվին, ո՞ր դարում, ի՞նչ հանգամանքներում է կառուցվել եկեղեցական համալիրը:
Վահրամ Կարապետյան, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն, ծրագրի նախաձեռնող և ղեկավար - Անհամեմատալի է. ոչ մի ուրիշ հուշարձանի՝ Շուշանավանքը, գոնե ինձ համար, նման չէ: Տեսնելով նրա ուժը, հզորությունը՝ ես ամեն ինչ արեցի՝ բացահայտելու նրա գաղտնիքը: Պարզեցինք, որ այն կառուցվել է սկսած 7-րդ դարից և ոչ թե լեգենդների համաձայն՝ աղոթքից ուշացող աղջկա, այլ Աբաս Առաջին թագավորի Շուշան անունով կնոջ պատվին: Հույս ունեմ, որ մի օր հնարավոր կլինի սերունդների համար վերականգնել համալիրից մնացած փոքրիկ այդ եկեղեցին:
Գրիգոր Նալբանդյան, «Բագարանի Շուշանավանքը» գրքի համահեղինակ - Հայկական ճարտարապետության մեջ վեցախորան եկեղեցիները շատ սակավաթիվ են: ՀՀ-ում պահպանվածներից դա Արագածավան գյուղի Սուրբ Երրորդություն կամ Գրիգորաշենք եկեղեցին է: