Արտահերթին ընդառաջ «Ալյանս» կուսակցության շարքերը համալրվում են։ Նորեկների անդամատոմսերը հանձնեցին հանդիսավոր պայմաններում, քաղաքական ուժի ղեկավարն էլ
դիմեց նրանց, ընդգծեց՝ նրանք լրացնում են ապագա կառավարության ձևավորման համար պահանջվող կադրային ռեսուրսը։ Տիգրան Ուրիխանյանն ասում է՝ եթե հունիսի 20-ին ընտրություն անցկացնելու մասին վարչապետի հայտարարությունն իրականություն դառնա, իրենք էլ են մտնելու պայքարի մեջ։
Տիգրան Ուրիխանյան («Ալյանս» կուսակցության նախագահ) - Մենք ունենալու ենք հնարավորություն՝ փոխելու իշխանություն և իրավիճակ, վերադառնալու հույսի, հավատի առաջացման մթնոլորտ:
Ոչ թե հուսով է, այլ վստահ՝ «Ալյանսը» բավարար ներուժ ունի, ընտրության էլ գնալու է առանձին, առանց որևէ մեկի հետ դաշինք կազմելու։
Առաջադիմական ցենտրիստական այս կուսակցության նախագահի պաշտոնը Ուրիխանյանը 2015-ին է ստանձնել, չնայած երեք անգամ՝ 2012-ին, 17-ին ու նաև 18-ին՝ «Բարգավաճի» ցուցակով է խորհրդարան մտել։ 2020-ի փետրվարին Ուրիխանյանը որոշեց դուրս գալ ԲՀ խմբակցությունից ու արդեն մեկ տարուց ավելի է՝ անկախ պատգամավոր է: Նրա համոզմամբ՝ առաջիկա ընտրությանն իրենց հաջողությունը կախված է լինելու կուսակցության քաղաքական ծրագրից։ Ժողովրդին ներկայանալու են հստակ առաջարկներով՝ Ռուսաստանի հետ միացյալ սահմանապահ զորքեր, էներգակիրների նոր սակագներ, պրոգրեսիվ աշխատավարձի ներդրում։
Ուրիխանյանի խոսքով՝ իշխանությունը պետք է պահի դեռ 2018-ին տված խոստումն ու փոխի գործող ընտրակարգը։ Ռեյտինգայինին «Ալյանսի» ղեկավարը դեմ է, բայց եթե ժամանակի սղության պատճառով խորհրդարանը չհասցնի ընդունել նոր նախագիծը, իրենք գործողի դեպքում էլ կմասնակցեն խորհրդարանի արտահերթ ընտրությանը։
Հետպատերազմական ճգնաժամից, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից երկիրը պետք է դուրս բերել ու միայն արտահերթով՝ պնդում է Տիգրան Ուրիխանյանը։ Ասում է՝ չեն վստահելու ոչ մեկին, վերահսկելու են ամբողջ գործընթացը: