Կանադայի կառավարությունն անցյալ տարի ԱԹՍ-ների տեխնոլոգիան վաճառել է Թուրքիային, ինչն Ադրբեջանն օգտագործել է 2020-ին Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ:
The Jerusalem Post-ը գրում է, որ փաստաթղթերի համաձայն՝ Թրյուդոյի կառավարությունը Թուրքիային է փոխանցել անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված Wescam օպտիկան:
Պարբերականը նշում է, որ 2019-ին Կանադան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Թուրքիային, սակայն պահեստամասերի վաճառքը վերականգնվել էր 2020-ին Կանադայի վարչապետի հետ Թուրքիայի նախագահի հանդիպումից հետո:
Baykar-ը՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունը, որը կանադական Wescam օպտիկայի հիմքով դրոններ է արտադրում, սերտ կապեր ունի Էրդողանի փեսայի հետ:
Թուրքական կողմը կտրուկ էր արձագանքել այն բոլոր փորձերին, որոնց միջոցով ցանկացել են բացահայտել կանադական տեխնոլոգիաների կիրառումը: Մեծ թվով թուրքական ԱԹՍ-ներ են օգտագործվել 2020-ի ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը մեծ հրդեհների պատճառ էր դարձել:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում իրենց ԱԹՍ-ների տեխնոլոգիաների կիրառման համար քննադատվել են ոչ միայն Կանադան ու Թուրքիան: Այս համատեքստում, թիրախավորվել է նաև Իսրայելը, որի մահապարտ ԱԹՍ-ները՝ Orbiter 1K և Harop, նույնպես ներգրավվել են պատերազմում: Պարբերականը նշում է, որ Հայաստանի իշխանություններն իրենց խիստ դժգոհությունն են հայտնել հակառակորդին իսրայելական դրոնների վաճառքի վերաբերյալ: